«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2009-10-06 | #180, 2009-10-07 | #181, 2009-10-08


«ՄԵՆՔ ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆՔ, ՈՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՄԱՁԱՅՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՏՎԱԾԸ ՀՈԳԵՊԵՍ ՀԵՌԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

«Գոյանում է ջրբաժան Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, այն աստիճանաբար կարող է խորանալ եւ առաջացնել անջրպետ, սա իմ մտահոգությունն է», երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Արմենական-ՌԱԿ կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը :

Բանախոսը նշեց, որ չնայած ինքը եւս նախագահի ուղեւորության մեջ սկզբում «ձեւական բան» էր տեսնում, սակայն այժմ համոզվել է, որ դա արտահայտում է բնական վիճակը` սփյուռքի որոշակի հատվածի վերաբերմունքի: «Ինձ համար անակնկալ էր սփյուռքի` այսքան կազմակերպված հակազդեցությունը, հատկապես ՀՅԴ-ի ջանքերով: Բեյրութում նման ցույցերին մասնակցում էին նաեւ դպրոցականներ, եթե դա Հայաստանում լիներ, մենք անպատճառ համապատասխան գնահատական կտայինք», շեշտեց նա:

Այնուամենայնիվ, պարոն Ավետիքյանը նկատեց, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ հատկապես սփյուռքը, որն, ի դեպ, ըստ բանախոսի մեկ ամբողջական կառույց չէ, այն շատ տարբեր է. «Բացի այդ, ցեղասպանության հարցը նրա արյան մեջ է», պատրաստ չեն «այս բեկումնային որոշմանը»:

Նախագահի հետ սփյուռքում հանդիպողներին Ավետիքյանը բաժանեց 4 շերտերի. «Առաջինը` նրանք ՀՅԴ-ի ակցիաներին մասնակցողներն են ու նրա կողմնակիցները, երկրորդը նրանք են, ովքեր շուրջ 70 տարի անընդհատ մասնակցում են ցեղասպանությունը դատապարտող ցույցերին ու այսօր էլ ունեն իրենց բնական մտավախությունը, երրորդ շերտը լավ հասկանում է, որ այս նախաձեռնությունը պետք է արվեր, եւ եթե չեն քաջալերում, ապա գոնե կողմնակից են, եւ չորրորդ շերտը նրանքՙ ովքեր անընդհատ ընդդիմադիր են եղել (հատկապես սա նկատվեց Լոս Անջելեսի շրջանում) եւ նախագահական վերջին ընտրություններում ու մարտի մեկին մեր առաջին նախագահի կողմանակիցներն էին»:

Պարոն Ավետիքյանը կարծիք հայտնեց, որ հանդիպելով սփյուռքի այս շերտերի հետ` «պաշտոնական Երեւանի մոտեցումները (ոչ արձանագրությունները) կարող են փոխվել»: Նա բերեց ԱՄՆ-ում Հ. Սասունյանի հարցը նախագահին, որ եթե Թուրքիան բացի սահմանը եւ հետո նորից փակի, մենք ի՞նչ պետք է անենք, որին հետեւել է նախագահի պատասխանը, որ այդ դեպքում մենք արձանագրությունների ներքեւում կմտցնենք վերապահում, որ այդ պարագայում մենք հրաժարվում ենք արձանագրությունից ընդհանրապես: Բանախոսը շեշտեց, որ իրեն դուր է եկել սփյուռքում նախագահի պահվածքը. «Դա պատասխանատու պետական անձի պահվածք է,- նկատեց նա` շարունակելով,- չի կարելի հայոց պետության ներկայացուցչին օտար երկրում վիրավորել, այնպես, ինչպես, չի կարելի «տականք» անվանել թեկուզ ծայրահեղական մոտեցումներ ունեցող մեր հայրենակիցներին»:

Կրկին կարեւորելով նախագահի ուղեւորությունը, որը, բանախոսի կարծիքով, «շեշտում է նախագահի պատասխանատվությունը ամբողջ հայության նկատմամբ եւ պատմական առումով ճիշտ որոշում է», Ավետիքյանը նկատեց. «Մենք չպետք է թույլ տանք, որ սփյուռքի անհամաձայն զանգվածը հոգեպես հեռանա Հայաստանից, կարծում եմ` այս անջրպետի ձեւավորմանը պետք է խոչընդոտի ՀՅԴ երեւանյան ղեկավարությունը, բյուրոն: Ես ինքս էլ մտահոգություններ ունեմ արձանագրությունների հետ կապված, սակայն, կարծում եմ, այս պահին ավելիին չէինք էլ կարող հասնել»:

Ինչ վերաբերում է թուրքական Մեջլիսում արձանագրությունների վավերացման հնարավոր կասեցմանը, պարոն Ավետիքյանը ասաց, որ ինքը չի կարծում, թե այդպես կլինի, եւ դա հիմնավորեց Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի նախաշեմին նախագահ Գյուլի հրահանգով, ըստ որի մարզադաշտ մուտքը, օրինակ, ադրբեջանական դրոշներով, արգելվելու է. «Արգելվելու են նաեւ բոլոր տեսակի քաղաքական պաստառները, ուզում են արգելել նույնիսկ քաղաքական բովանդակությամբ վանկարկումները», տեղեկացրեց պարոն Ավետիքյանը:

Բանախոսն անդրադարձավ նաեւ թուրքահայ համայնքին, որն, ըստ նրա, խիստ լարվածության մեջ է, քանի որ արձանագրությունների չստորագրման դեպքում հնարավոր է, որ իրենց նկատմամբ ստեղծվի առավել թշնամական վերաբերմունք:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4