«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2009-10-06 | #180, 2009-10-07 | #181, 2009-10-08


ԴԻՎԱՆԱԳԵ՞Տ, ԹԵ՞ ԼՈԲԲԻՍՏ. Ո՞ՐՆ Է ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ

Հայաստանի լրատվամիջոցները շահագրգռորեն են անդրադառնում հայ լոբբիստական շարժման հաջողություններին ու պարտություններին: Գերազանցապես Ամերիկային բնորոշ այս էկզոտիկ քաղաքական երեւույթը հաճախ է քննության ու հետազոտության առարկա դառնում համապատասխան մասնագետների կողմից: Համաշխարհային անվտանգության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոն Նյուհաուսը նորերս Foreign Affairs հանդեսում ընդարձակ հետաքրքրական հոդված էր հրապարակել ԱՄՆ-ում օտարերկրյա լոբբիստական խմբերի մասին, որտեղ հանգամանորեն վերլուծված են այդ շարժման ակունքները, զարգացման պատմությունը, առավել ազդեցիկ ուժերի հնարավորություններն ու գործելակերպը: Եթե Զբիգնեւ Բժեզինսկին իր «Ընտրություն» աշխարհաքաղաքական տրակտատում ազդեցության առումով հայ լոբբիստներին դասում է չորրորդ տեղը` հրեաներից, կուբացիներից ու հույներից հետո, ապա Նյուհաուսը մեզ հատկացնում է երրորդ տեղը` հրեաներից ու հնդիկներից հետո:

Վաշինգտոնի Քեյ-սթրիթը եռում է լոբբիստներով, որոնց մեծ մասը ներկայացնում է ուրիշ պետությունների կառավարություններն ու կազմակերպությունները, գրում է Նյուհաուսը: Չնայած արտասահմանյան մի շարք տերություններ շարունակում են հիմնականում աշխատել վաշինգտոնյան իրենց դեսպանությունների միջոցով, մոտ 100 երկրներ հենվում են լոբբիստների վրա իրենց շահերի պաշտպանության ու առաջխաղացման մեջ: Կարելի է ինչ-որ տեղ նույնիսկ խոսել դիվանագիտության դերի անկման ու դրա սեփականաշնորհման մասին, մի ֆենոմեն, որն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է գործում Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վրա:

Օտարերկրյա շահերն առաջ տանող ամենաուժեղ լոբբիստների հետեւում կանգնած են ԱՄՆ-ում ապրող համախմբված էթնիկական խմբեր Տայվանից, Իսրայելից, Հայաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ուկրաինայից եւ անցյալում` Իռլանդիայից: Լոբբիստներն ընդունակ են ամերիկյան համակարգում գործելու այնպիսի մեթոդներով, որոնք անմատչելի են փորձառու դիվանագետներին:

Միացյալ Նահանգները, նշում է հոդվածագիրը, ներգաղթյալների երկիր է: Դա Ամերիկայի ե՛ւ ուժն է, ե՛ւ, որոշ իմաստով, թուլությունը: Չնայած էթնիկական խմբերը օգնում են հավասարակշռելու ամերիկյան քաղաքականությանը բնորոշ մեկուսացուցիչ միտումները, այդ խմբերի ներսում երբեմն հակասություններ են առաջանում այնպիսի հարցերում, որոնցում նրանց հայրենիքը կարող է տարակարծիք լինել իրենց ընդունած երկրի` ԱՄՆ-ի հետ: Նյուհաուսի կարծիքով` ԱՄՆ-ի կառավարության կառուցվածքը այնքան է բարդացել, որ միայն ամենագիտակ լոբբիստները (օրինակ, նախկին կոնգրեսականները) կարող են գլուխ հանել այդ խճողումներից: Ահա եւ լոբբիստներն առավել արդյունավետ են գործում Կապիտոլիումում: Եթե իշխանության գործադիր ճյուղը գործում է լոբբիստների համար թույլատրելի որոշակի շրջանակներում, պարզաբանում է ամերիկացի գիտաշխատողը, ապա Կոնգրեսի անդամները եւ նրանց ապարատը սովորաբար գտնվում են նվազ սահմանափակ պայմաններում: Երբ Կոնգրեսի այս կամ այն խմբակցությունը լոբբիստների ճնշման ներքո որոշակի դիրք է գրավում, գործադիր գերատեսչություններին հաճախ դժվար է լինում դրան դիմակայել: Ֆունկցիոնալ տեսակետից, հետեւություն է անում Նյուհաուսը, ամերիկյան կառավարությունն անկանոնություն է, երբ օրենսդրական թեւը կապված չէ գործադիրի հետ, սակայն շահագործման է ենթակա օտարերկրյա կառավարությունները ներկայացնող հայրենական միջնորդների կողմից:

Սակայն բավարարվենք այսքանով եւ «Ազգի» պատվարժան ընթերցողներին ներկայացնենք Ջոն Նյուհաուսի հոդվածի այն հատվածը, որը լրիվ վերաբերում է ԱՄՆ-ում հայ լոբբիստական շարժմանը: Կարծում ենք` միշտ էլ ուշագրավ է, թե մեր ազգային-քաղաքական այս կամ այն երեւույթին ինչպես են նայում ու արձագանքում օտարները: Եթե նույնիսկ դրանք սուբյեկտիվ են:

Հավերժական հարց

Հայկական լոբբին ԱՄՆ-ում կառուցված է էթնիկական ամուր հիմքերի վրա եւ ձգտում է հասնել Թուրքիայի հրապարակային դատապարտմանը 1915 թվականի ցեղասպանության համար: Թուրքիային դատապարտող` Կոնգրեսի բանաձեւի օգտին լոբբիստական ջանքերը ծավալվեցին 1980 թվականին եւ այդ ժամանակներից վերածվեցին հավերժական հարցի: Գրեթե ամեն տարի Սպիտակ տունն ու պետդեպարտամենտը պաշտպանում են նման բանաձեւի հիմքում ընկած սկզբունքը, սակայն ի վերջո հանգում են այն հետեւությանը, որ դրա ընդունումը կարող է վնաս հասցնել ԱՄՆ-ի շահերին:

2007 թվականին արդյունքը կարող էր այլ լինել, եւ Կոնգրեսը մոտ էր ցեղասպանության բանաձեւին հավանություն տալուն: Հայ հանրակցությունը վստահություն ձեռք բերեց միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակից հետո. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Կալիֆոռնիայի նահանգ) եւ Սթենի Հոյերը (Մերիլենդի նահանգ) համարվում էին դաշնակիցներ, ինչպես որ այն ժամանակ սենատոր Ջո Բայդենը: Այդ բանաձեւի ընդունումը կնշանակեր ամերիկա-թուրքական հուսալի եւ կառուցողական հարաբերությունների կառուցման ջանքերի ձախողում: Եվ դա կարող էր ամրապնդել Թուրքիայի ցանկությունը` Արեւմուտքում իր թուլացող դիրքերը եւ Արեւմտյան Ասիայի հարաճուն անկայունությունը փոխհատուցելու միջուկային սպառազինությունների ծրագրի նախաձեռնումով:

Ձայները գրեթե հավասար էին. Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեն բանաձեւին հավանություն տվեց 27 ձայնով` ընդդեմ 21-ի: Սակայն հետո, հայտարարելով բանաձեւը պառլամենտի քվեարկությանը ներկայացնելու իր մտադրության մասին, Փելոսին ընկրկեց այն ծանրակշիռ եւ միահամուռ հետեւությունների հանդեպ, որ փաստաթղթի ընդունումը կսպառնա ազգային անվտանգությանը: Առավել համոզիչ էր այն բաց նամակը, որը եռանդուն արտահայտություններով կազմել ու ստորագրել էին ութ նախկին պետքարտուղարներ: Բացի այդ, բանաձեւի ընունման դեմ հարձակումը գլխավորում էին նախկին կոնգրեսականներ Բոբ Լիվինգսթոնը (հանրապետական, Լուիզիանայի նահանգ) եւ Դիկ Գեպհարդտը (դեմոկրատ, Միսսուրիի նահանգ): Վերջինս այդ օրերին տարեկան 1,2 մլն դոլարի պայմանագիր էր ստորագրել DLA Piper ֆիրմայի հետ` Թուրքիայի շահերը պաշտպանելու համար:

2009 թվականի սկզբին ցեղասպանության բանաձեւին հավանություն տալու շանսերը կտրուկ մեծացան: Ինչպես գրել էր Financial Times թերթը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հրապարակային դատապարտումը զայրացրեց հրեա-ամերիկյան եւ իսրայելամետ խմբերին, որոնք 2007 թվականին գաղտնի պաշտպանում էին Թուրքիային ցեղասպանության բանաձեւի շուրջը բանավեճերի ընթացքում:

Հայաստանի կառավարությունը գործնականում ոչինչ չի ծախսում Վաշինգտոնում իրագործվող լոբբիստական ծառայությունների համար, որովհետեւ դա նրան պետք էլ չէ. Միացյալ Նահանգների հայ հանրակցությունը, որը կենտրոնացված է Կալիֆոռնիայի, Մերիլենդի, Մասաչուսեթսի, Նյու Ջերսիի նահանգներում եւ Նյու Յորքի շուրջը, ինքն է առաջ քաշում հայության շահերը ֆինանսական նվիրատվությունների եւ Կապիտոլիումի վրա ունեցած ազդեցության միջոցով: Հայկական լոբբին իր ուժով ու ազդեցությամբ զիջում է միայն հրեականին ու հնդկականին:

Կոնգրեսում հայության հարցերի գլխավոր պաշտպաններից մեկը սենատոր Միթչ Մակքոնելն է (Քենթուկիի նահանգ)` Սենատում հանրապետական փոքրամասնությունների լիդերը: Նա Սենատի հատկացումների կոմիտեի ավագագույն անդամն է եւ երկար տարիներ եղել է պետական գործերի, արտաքին գործողությունների եւ համապատասխան ծրագրերի անչափ կարեւոր ենթակոմիտեի նախագահը, որը վերահսկում է մոտ 20 միլիարդ դոլար կազմող միջազգային ֆինանսական օգնությունը: Նա օգնեց, որ նպատակային միջոցների եւ պարտադիր հատկացումների մեծ գումարներ ուղարկվեն Հայաստան եւ Ուկրաինա: Եղան տարիներ, երբ Հայաստանը մեկ շնչին ընկնող ամերիկյան ֆինանսական օգնության ծավալով զիջում էր միայն Իսրայելին:

Մակքոնելը հիմնականում միջոցների ներգրավմամբ է զբաղվում Քենթուկիից հեռու` ծովափնյա խոշոր քաղաքներում, որտեղ առավել մեծ քաղաքական ակտիվություն են դրսեւորում հայկական ծագումով ամերիկացիներն ու էթնիկական այլ խմբեր: 2006 թվականի հոկտեմբերին Lexington Herald-Leader թերթը հաղորդել է, որ մի քանի տարի առաջ, հանդես գալով Սենատում, Մակքոնելն ասել է. «Մեզանում շատ կան ամերիկացիներ հրեական ծագումով, որոնք շահագրգռված են Իսրայելով, շատ կան ամերիկացիներ հայկական ծագումով, որոնք շահագրգռված են Հայաստանով, եւ շատ կան ամերիկացիներ ուկրաինական ծագումով, որոնք շահագրգռված են Ուկրաինայով»: Թերթի հավաստումամբ` նա շարունակել է այսպես. «Տեր Աստված, երբ մենք նրանց լսում ենք, մեզ համար էլ չափից դուրս հետաքրքրական է դառնում»: Նույն հոդվածում նաեւ հաղորդվում է, որ անցած տարիներին Մակքոնելը ընտրական նվիրատվությունների մեծ գումար է ստացել այդ երեք երկրները ներկայացնող լոբբիներից եւ նրանց է հատկացրել հարյուր միլիոնավոր դոլարների ֆինանսական օգնություն, ավելին, քան պահանջել էին ե՛ւ դեմոկրատական, ե՛ւ հանրապետական նախագահները:

Թուրքական կառավարությունը, մյուս կողմից, գտնում է, որ հայերի ցեղասպանության բանաձեւը չընդունելու Կոնգրեսի դիրքորոշումը վկայում է Վաշինգտոնում լոբբիական շռայլ ծախսերի բերած հաջողությունը: Դրա շրջափակման համար Թուրքիան հենվում է Կապիտոլիումում կամ Վաշինգտոնի կենտրոնում նախկինում ծառայած ազդեցիկ անձանց վրա, ինչպիսիք են, մասնավորապես, Դուգլաս Ֆեյթը` քաղաքականության հարցերով պաշտպանության նախարարի նախկին տեղակալը, եւ Ռիչարդ Պեռլը` պաշտպանական քաղաքականության կոմիտեի նախկին նախագահը: Բացի այդ, նախկին կոնգրեսական Լիվինգսթոնը եւ Նյու Յորքի Hill & Knowlton ֆիրմային գլխավոր լոբբիստ Գերի Հայմելը նույնպես ոչ վաղ անցյալում թուրքերին օգուտ բերեցին իրենց վաշինգտոնյան հսկայական փորձի եւ բարձրաստիճան անձանց հետ ունեցած ընդարձակ կապերի շնորհիվ: 1999 թվականին Լիվինգսթոնը գրանցվել է որպես թուրքական կառավարության ներկայացուցիչ: Նույն թվականին նրա հիմնադրած Livingston Group-ը, իր իսկ ասելով, ներկայացնում է «համակողմանի ծառայություններ հասարակայնության, պետական կառույցների հետ հարաբերությունների եւ գլոբալ հիման վրա լոբբիության բնագավառում»: Ֆիրմայի ութ կլիենտների թվում են Թուրքիան, Ադրբեջանը եւ այլ երկրներ:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4