«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2009-10-06 | #180, 2009-10-07 | #181, 2009-10-08


ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳՈՐՄՈՒՇԻՆ ԵՎ ՀԱԱՍԻՆ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի սեպտեմբերի 26-ի համարը, հենվելով թուրքական «Թուդեյզ Զաման» թերթի լրատվության վրա, տեղեկացնում է, որ Հրանտ Դինքի անվան միջազգային մրցանակը առաջին անգամ շնորհվել է թուրք լրագրողՙ Ալպեր Գորմուշին եւ հրեա լրագրող Ամիրա Հաասին:

Հրանտ Դինքի հիմնադրամի ստեղծած մրցանակներ շնորհող կոմիտեի նախագահ Ալի Բայրամօղլուն հանդիսության ժամանակ նշել է, որ նպատակը «Հրանտի խորհրդանշած գաղափարների տարածումն է»:

«Թարաֆ» թերթի սյունակագիր, եւ Բիլգի համալսարանի դասախոս Գորմուշը մրցանակն ստանալով ասել է, որ մեծ պատասխանատվություն է ընկնում ուսերինՙ հանկարծ սխալ մի արարքով չնսեմացնելու մրցանակի արժեքը: Նա խմբագիրն է եղել այժմ փակված «Նուքթա» շաբաթաթերթի եւ վերջերս է ազատվել զրպարտության մեղադրանքով դատական հետապնդումներից:

«Հաարեց» թերթի թղթակից Հաասը ծնվել է Երուսաղեմում եւ դուստրն է Հոլոքոսթը վերապրած ծնողների: Նա միակն է եղել, որ արեւմտյան ափի Ռամալլահ շրջանում ապրել է պաղեստինցիների շրջապատում եւ լուսաբանել իրադարձությունները այդտեղից:

Հրանտ Դինքի այրինՙ Ռաքելը իր հուզական ելույթի ժամանակ նշել է, որ սեպտեմբերի 15-ին Հրանտը դառնալու էր 55 տարեկան, որ վերքը դեռեւս չափազանց խորն է, եւ հիմնադրամը ստեղծվել է հավատարիմ բարեկամների հորդորներով:

Մրցանակաբաշխության արարողությանը ներկա են գտնվել պետքարտուղար Էգեմեն Բաղիշը, խորհրդարանի մարդու իրավունքների հանձնախմբի նախագահ Զաֆեր Ուսգյուլը, անկախ խորհրդարանական Ուֆուք Ուրասը, Ստամբուլում Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Ջեսիքա Հենդը, լրագրողներ Նադիր Մատերը եւ Լեյլա Ումարը, գրող Սդալետ Աղաօղլուն, դիրիժոր Ջեմ Մանսուրը եւ դերասանուհի Լալե Մանսուրը:

Վերջում ելույթ է ունեցել «Քարտաշ տուրքուլար» ժողովրդական երգի համույթըՙ ընկերակցությամբ Արտո Թունջբոյաջյանի:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4