«Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքովՙ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը որեւէ կերպ չի ազդի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա. «Առհասարակ ես կարծում եմ, որ Հայաստանում եւ սփյուռքում բողոքի ակցիաները ավելի պետք է ակտիվացնեն ցեղասպանության դատապարտման պնդումները: Սա ինչ-որ չափով «արթնացրեց» հայությանը», երեկ «Նովոստի» մամուլի ակումբում հայտարարեց պարոն Հարությունյանը:
Չնայած սփյուռքի կարծիքն ավելի շատ ներկայացվում է բացասական տեսանկյունից, բանախոսը ընդգծեց, որ նույն սփյուռքում շատերը բավական դրական են մոտենում խնդրին. «Ինչպես եւ Հայաստանում, սփյուռքում նույնպես կարծիքների բախում կա. նրանք էլ լիարժեք կողմնորոշված չեն այս հարցում», նկատեց Հարությունյանը:
Նա նաեւ դիմեց «այն մարդկանց», ովքեր համակարգում են սփյուռքի դժգոհության ալիքը, որ թույլ չտրվի Հայաստան-սփյուռք օտարացումը, քանի որ դա կլինի «Հայաստանի առաջին վնասը այս արձանագրություններից եւ Թուրքիայի առաջին հաջողությունը», շեշտեց պարոն Հարությունյանը:
Ըստ բանախոսիՙ հայ-թուրքական սահմանների բացումը կթուլացնի Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, սակայն նաեւ նկատեց. «Ինչքան էլ խոսվի թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, զգացվում է, որ նրանց միջով «սեւ կատու» է անցել. Ադրբեջանը փոխել է Թուրքիայի քաղաքացիների մուտքի ձեւը, իսկ թուրքերին էլ ավելի շատ են ձեռնտու մեր սահմանների բացումն ու հարաբերությունների հաստատումը, քանի որ դրանով Թուրքիան նախ որոշակիորեն կմեղմի ցեղասպանության հարցերով ճնշումները»:
Հասկանալով սփյուռքի մեր հայրենակիցների մտավախությունները, Հարությունյանը այնուամենայնիվ հորդորեց նրանց «ըմբռնումով մոտենալ Հայաստանի եւ ԼՂՀ ազգային պետական շահերին», իսկ հայ-թուրքական սահմանի բացումն, ըստ բանախոսի, միանշանակ բխում է այդ շահերից:
Արտահայտելով իր մտահոգությունները` բանախոսը նկատեց, որ սահմանների բացումից հետո տարածաշրջանում, այնուամենայնիվ, չի հաջողվի լիարժեք թուլացնել լարվածությունը. «Եթե սահմանի բացումը բերի փոփոխություններ, ապա դրանք չեն լինի շատ արագ: Որոշ լիցքաթափում կլինի, սակայն ոչ մեծ: Ընհանրապես կարծում եմ, որ արձանագրությունները կազմելիս կարելի էր ավելի «ակուրատ» աշխատել, օրինակՙ ենթահանձնաժողովի հարցը այնքան կարեւոր չէր` փաստաթղթի մեջ մտցնելու համար, սակայն ասեմ նաեւ, որ չպետք է այդքան բարձր գնահատել արձանագրությունների դերը, քանի որ շփումները բոլորովին այլ կարող են լինել»:
Սահմանի բացումից հետո տնտեսական հնարավոր աճի մասին խոսելով` պարոն Հարությունյանը ասաց, որ ինքը չի կարծում, թե կլինեն կտրուկ փոփոխություններ կամ խոշոր էքսպանսիա դեպի Թուրքիա. «Չնայած վերջերս գազային ոլորտի մեր բիզնեսմենները հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ արդեն հիմա, հստակ տեսնում են իրենց էքսպանսիան` Թուրքիա»:
Իսկ «թուրքական եղբայր» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին ու արտահայտություններին` կապված թե՛ հայ-թուրքական հարաբերությունների, թե՛ ԼՂՀ հիմնահարցի հետ, բանախոսը խորհուրդ տվեց լուրջ չվերաբերվել, քանի որ «Ծերուկը լրիվ անտանելի է դարձել»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ