«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2009-10-08 | #182, 2009-10-09 | #183, 2009-10-10


ՄԵԿՆ ՈՒԶՈՒՄ Է ՓՈՍԻՑ ՓՐԿԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ, ՄՅՈՒՍԸ ՄԻԱՄԻՏ Է ԱՆՎԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԻՆ

Երեկ կայացած ճեպազրույցներից առանձնացրինք երկու կարծիք` հայ-թուրքական հարաբերությունների ներկա պահի մասին. երկու նախկին կոալիցիոն գործընկեր, այժմ իրար ընդդիմախոս ուժերի ներկայացուցիչների` ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի եւ ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանի տեսակետները, որոնցում պարագծվում են ներկա տրամադրությունների ուղղությունները:

  Վահան Հովհաննիսյանը նախ ծանրացավ վերջին շրջանում քաղաքակիրթ քննարկումները հայհոյանքի վերածելու վրա, հիշելով, թե ով առաջինն օգտագործեց «տականք» բառը. «Հայհոյանքները որպես մեթոդ կիրառում են նրանք, ովքեր փաստարկ չունեն, հայհոյանքը փաստարկ չունեցող թույլի վերջին զենքն է», ասաց: Իսկ որ հանրապետական Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարում է, որ շատ ավելի ազդեցիկ եւ լուրջ ուժեղ ընդդիմություն է կոնգրեսը, քան ՀՅԴ-ն, սրան էլ այսպես արձագանքեց. «Իհարկե, նրան այդպես պիտի թվա, քանի որ նա ուրիշ ոճ չի պատկերացնում, բացի ուշունցից... »: Նա արձանագրությունները վերջնագիր անվանեց. «Նախապայմանները, որ ներգրավված են արձանագրության մեջ, համեմված են վերջնագրով` ոչ մի փոփոխություն չլինելը վերջնագիր է: Ի՞նչն է, որ մեզ պետք է փոփոխություններից հետ պահի. եթե կա բանավոր համաձայնություն, ապա առնվազն հասարակությունն այդ մասին պետք է տեղյակ լինի»:

Նա հույս ուներ, որ, այնուամենայնիվ, փաստաթղթի ստորագրումից դեռ հնարավոր է խուսափել, իսկ ստորագրելուց հետո էլ հարցը դեռ տարբեր ատյաններում պետք է քննվի` պիտի գա կառավարություն, Ազգային ժողով` այս փաստաթղթերի դեմ պայքարի բավականին լայն ճակատ կաՙ ըստ նրա. «Մենք ունենք նպատակ` այս տեսքով թույլ չտալ արձանագրությունների ստորագրումը, հետո էլ վավերացումը: Այս նպատակի համար ՀՅԴ-ն կիրառելու է տարբեր միջոցներ, եւ եթե միջոցներից անհրաժեշտ լինի իշխանափոխությունը, մենք դրանից հետ չենք կանգնի: Իհարկե, կան նաեւ ուժեր, որոնց հիմնական նպատակը իշխանափոխությունն է, մնացածի վրա նրանք թքած ունեն, դրա համար կարող են ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ արձանագրությունների հարցը, ե՛ւ ժողովրդի ծանր սոցիալական վիճակն օգտագործել. «Մենք նպատակ չենք դնում իշխանափոխության, մենք նպատակ դնում ենք արձանագրությունները փոխել: Եթե այս ճանապարհին որպես միջոց պետք լինի իշխանափոխությունը, ուրեմն` այո: Բայց իշխանափոխությունը նպատակ դարձնելը ՀՅԴ-ինը չէ»:

Իսկ որ ՀՅԴ-ի կեցվածքը իմիտացիա են անվանում կոնգրեսականները` նա հակադարձեց, թե հենց նրանցն է իմիտացիա, եւ իրեն չի հետաքրքրում, թե այդ ճամբարում ի՞նչ են ասում ՀՅԴ-ի մասին. «Տեսեք ոնց են սկսվել ու լռել (սա` ՀԱԿ-ի մասին է-Մ.Խ.) գիտե՞ք ինչն է տարբերությունը մեր եւ Կոնգրեսի, նրանք ասում են. առջեւում փոս է, ինչ լավ է, Սերժ Սարգսյան, Հայաստանի իշխանություն, ընկի էդ փոսը, իսկ մենք կհասցնենք քեզ մեր վերջին հարվածը ու կհասնենք մեր նպատակին, իշխանություն կդառնանք: Մենք ասում ենք` ուր որ գնում են Սերժ Սարգսյանն ու իշխանությունը, այնտեղ փոս է, մենք կանգնել ենք ճանապարհին ու ասում ենք` մի գնա, փորձում ենք չթողնել, չեն հասկանում, որ դիմացը փոս է»:

Իսկ Նաիրա Զոհրաբյանն ասում էր, թե Սփյուռքում եղան բողոքի ակցիաներ, որոնք, նրա գնահատմամբ, ոչ այնքան կոռեկտ էին իրենց ձեւակերպումների մեջ. «Հենց թեկուզ այն, որ հանրապետության նախագահը ստիպված էր, այո, լսել նաեւ այս կարգի կարծիքներ: Դա բավական է հասկանալու համար, թե ի՞նչ ճանապարհով է անցել երկրի նախագահը` այդ քայլին գնալուց առաջ, հրաշալի հասկանալով, թե իր քայլը ինչպիսի՞ զգացական խնդիրներ կարող էր առաջացնել Սփյուռքի մեր հայրենակիցների որոշ մասի շրջանում: Ընդհանրապես` մենք (ԲՀԿ-ն) պաշտպանում ենք այս արձանագրությունները, դրանք առանց նախապայմանների են: Իսկ եթե ոմանց թվում է, թե արձանագրությունները պետք է լինեին Թուրքիայի բացարձակ կապիտուլյացիան, ապա ես բացարձակ զարմանում եմ այդ քաղաքական ուժերի միամտության վրա: Բնականաբար` դա ինչ-որ կոմպրոմիսի արդյունք պետք է լիներ, բայց կոմպրոմիսը չի արվում մեզ համար գերակա շահերի հաշվին` ԼՂ-ի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4