Նախագահ Սարգսյանի հետ Դոնի Ռոստովում Ռուսաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման տպավորություններն «Ազգի» հետ կիսեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նաեւ մի շարք դիտարկումներ արեց հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ:
- Նախ շատ ուրախալի է, որ Հայաստանի նախագահն այսպիսի այցելություններ կատարեց, հանդիպեց տարբեր երկրների հայ համայնքների հետ եւ լսեց նրանց տեսակետն այս շատ բարդ հարցի` հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների ստորագրման վերաբերյալ: Պետք է նախագահին բարձր գնահատական տալ` 5 օվա ընթացքում մարդը կարողացել է 30-40 հազար կիլոմետր անցնել եւ համբերատար բոլորին լսել, թույլ տվել մարդկանց իրեն ուղղել բոլոր հուզող հարցերը եւ ստանալ դրանց պատասխանները:
Նրա հետ հանդիպման ժամանակ, ոչ միայն ես, այլեւ մյուս բոլոր մասնակիցները խորը հարգանքով ու հավատքով էին գնահատում նրա անկեղծությունը, պատասխանատվության բարձր գիտակցությունը:
Ռուսաստանի հայերի միությունը մոտ 160 հանդիպում է ունեցել հայ համայնքի տարբեր շերտերի հետ, տարբեր կլոր սեղաններ ենք անցկացրել. բավական բարդ էին բարձրացվող հարցերը, կային կողմ, նաեւ դեմ, անգամ բավականին ագրեսիվ, էմոցիոնալ մարդիկ. ճնշող մեծամասնությունը չէր կարդացել փաստաթուղթը, խոսում էին երրորդ անձի անունից: Հարցերը քննարկումների ընթացքում փորձեցինք բաժանել` բարոյական, քաղաքական, իրավական եւ տնտեսական հարթությունների, հաշվի առնելով սփյուռքում առկա պրոբլեմները: Թուրքիանՙ որ 100 տարի առաջ մեզ ցեղասպանել ու կողոպտել է, առ այսօր մեզ շրջափակման մեջ է պահում. այսինքն հոգեբանորեն շատ դժվար է ընդունել, որ մեր ազգը այսպիսի` այս բովանդակությամբ արձանագրություններ ստորագրի: Անհանգստություններ կան, փաստաթուղթն ավելի լավ կազմելու նկատառումներ կան, կարճ ժամանակ է տրված, որ մենք հոգեբանորեն ընդունենք այս արձանագրությունները: Ես հարցնում էի Ռուսաստանի հայերի միության կազմակերպած հանդիպումների ժամանակ մասնակիցներին` ի՞նչ անենք, թուրքերի հետ չխոսե՞նք, բանակցությունները դադարեցնե՞նք: Բոլորը միաձայն ասում էին, որ մենք պետք է թուրքերի հետ հարաբերություններ սկսենք, եւ ոչ միայն նախագահի եւ արտաքին գործերի նախարարի մակարդակով, այլ ոլորտ առ ոլորտ խորանանք, տարածվենք` գիտություն, ՀԿ-ներ, պառլամենտ, մշակույթ:
Մի քիչ շատ շփվենք, իրար հետ բանակցենք` 6 ամիս, 1 տարի, տեսնենք` ի՞նչ է կատարվում, որ կարողանանք հասկանալ մեր անելիքը: Որովհետեւ այսօր Թուրքիային հավատալը ես համարում են անհիմն: Թուրքիան դեռեւս ոչինչ չի արել մեր վստահությունը շահելու համար: Ընդհակառակը: Շարունակում է ժխտել ցեղասպանությունը, մեզ պահել շրջափակման մեջ: Այնուամենայնիվ, մեր մարդկանց մեծ մասը հավատացած էր, որ երկու ժողովուրդներով իրար հետ պետք է պայմանավորվենք: Ինքս ասում եմ` բանակցությունները պետք են, պետք է համարձակ լինել, բանակցությունները շարունակել, միացնել երրորդ երկրներին: Որովհետեւ այսօր աշխարհի համակրանքը բարոյական առումով մեր կողմն է, քանի որ գիտեն` թուրքերն են մեզ ցեղասպանության ենթարկել ու կողոպտել, հիմա էլ, արդեն 16 տարի, ագրեսիվ ձեւով մեզ շրջափակման մեջ են պահում:
- Այսինքն, պարոն Աբրահամյան, Դուք կողմ եք հարաբերություններին, բայց ժամանակ եք ուզում, որ ավելի մանրամասն քննարկվի դրականն ու բացասականը:
- Կողմնակից եմ ավելի համարձակ երկխոսության, այս հարցը պետք է քննարկել նաեւ աշխարհով մեկ, պետք է այս առիթն օգտագործել բոլոր համայնքներում, ասել, որ ուզում ենք բանակցել, բայց պահանջում ենք երաշխիքներ:
Արձանագրություններն, իմ կարծիքով, բարոյական առումով չեն համապատասխանում մեր ռեալիստական սպասելիքներին, այն տոնով են կազմված, ոնց որ մի բանում մենք մեղավոր ենք, եւ իրենք չէ, որ կոտորել են մեզ:
Մենք հոգեպես պատրաստ չենք այսպիսի համաձայնագիր ստորագրելու:
- Սա` Ձեր ասած բարոյական հարթությունը, իսկ մյուս` քաղաքական հարթությունից եթե դիտարկե՞նք:
- Քաղաքական մասով. նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ ասացի` Թուրքիան վարպետ է խորամանկությունների, ամեն մանրուք շատ ուշադիր պետք է հաշվի առնենք: Թեեւ պետք է ավելացնեմ, կասկած չունեմ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի կարողությունների նկատմամբ:
Պատմությունից թե մենք ճիշտ դասեր չքաղենք, ժամանակը մեզ կպատժի: Մենք պետք է նկատի ունենանք, որ Թուրքիան ունի «եղբայր» երկիր` Ադրբեջանը, պետք է իմանանք, որ կորցրել ենք Նախիջեւանը եւ այլ տարածքներ Թուրքիայի պատճառով, եւ Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին չի կպչի: Երկրորդ` մենք պետք է իմանանք, թե Թուրքիայի նման հզոր պետությունից ի՞նչ կարող ենք ստանալ: Վախկոտությունը հիվանդություն է, հարցը վախենալ-չվախենալու մասին չէ, չեմ ասում` ձեռքներս ծալենք եւ վայնասուն գցենք: Խոսքն այն մասին է, որ դիվանագիտական եւ այլ խողովակներով պաշտպանենք մեր իրավունքները, մենք մեզ ներկայացնենք որպես ժամանակակից ազգ, որը կարող է ընդդիմանալ այնպիսի հզոր պետության, ինչպիսին Թուրքիան է: Պետք է բոլոր մանրուքները հաշվի առնենք: Երբ նայում ենք իրավաբանական տեսակետով` խոցելի տեքստ է, երկիմաստ:
Ամփոփելով իմ մտքերն` ասեմ, Ռուսաստանի հայերի միությունում ե՛ւ դեմ, ե՛ւ կողմ մարդիկ կային, հնչել են նաեւ տարբեր առաջարկություններ: Հիմնական առաջարկությունը մեկն էրՙ բանակցությունները շարունակել եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո միայն սկսենք լուծել մնացած հարցերը. ստեղծենք փորձագետների խումբ, թող որոշեն` ինչպե՞ս եւ ինչ փոփոխություններով վավերացնեն արձանագրությունները: Այնպես որ մտահոգություններ հայտնելը նորմալ է, քանի որ Հայաստանի անվտանգության հարց է լուծվելու: Բայց ոչ մեկը դեմ չէ ճանապարհները բացելուն, գործարարները բոլորն էլ ուզում են դա, որ ազատ առեւտուր անենք: Բայց ի՞նչ է հարցի գինը: Մի խոսքով` նախագահը դժվար որոշման առաջ է կանգնած: Նա մեծ պատասխանատվություն է ստանձնել, տղամարդո՛ւ նման:
- Բայց վաղը ստորագրվում են արձանագրությունները...
- Մենք բոլորս մեր մտահոգություններն ասել ենք նախագահին, նա այդ ամեն ինչը լսել է, եթե այսօր ստորագրելու է, պետք չէ խուճապի մատնվել, հեղափոխական քայլ չկա այստեղ, մինչեւ վավերացումը ժամանակ ունենք, փորձագետներով, միջազգային մակարդակի մասնագետներով վավերացումից առաջ բոլոր մեզ անհանգստացնող հարցերը հստակեցնենք: Դրական կողմեր ունի բայց ողջ հարցը` Թուրքիան Ցեղասպանության հարցը չի ընդունում` ողջ աշխարհը նորից այդ մասին կխոսի, դրական է, որ Թուրքիայում պետք է քննարկվի, որ վավերացվի, դրական է, որ սահմանը բացվելու է: Բայց քանի որ գիտենք` ում հետ գործ ունենք, չենք կարող մինչեւ վերջ վստահել այդ երկրին: Պետք է զգույշ լինենք: Եթե այսօր ստորագրվի` ես դա կհամարեմ բանակցության ամենասկիզբը, եւ ստեղծենք այնպիսի մեխանիզմներ, որ Սփյուռքն ու Հայաստանն աշխատեն միասին, ու վերջնական թուղթը, որ Հայաստանի պառլամենտը հաստատելու է, լինի լիարժեք, իրավաբանորեն ճիշտ, հօգուտ Հայաստանի, ամենակարեւորը` Հայաստանի անվտանգությունը երաշխավորող:
Չի կարելի լացը դնել, մանավանդ` ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել Հայաստանի նախագահի աշխատանքն ու կարողություններն այս ուղղությամբ:
Իսկ վերջումՙ կարեւոր մեկ այլ խնդրի մասին: Այսօր սփյուռքում եւ Հայաստանում էմոցիոնալ մթնոլորտ է տիրում, ներքին հակամարտության նշաններ կան: Դա մեզ բնավ պետք չէ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի սեպ չխրվի մեջ միջեւ, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Դա առաջին հերթին կվնասի մեր պետությանը, պետության գլուխ կանգնած անձնավորությանը: Մինչդեռ մենք պետք է ուժեղացնենք նրանց դիրքերը գալիք դժվարին բանակցություններում:
Հարցազրույցը վարեց ՄԱՐԻԵՏԱ ԽԱԶԱՏՐՅԱՆԸ