«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2009-10-09 | #183, 2009-10-10 | #184, 2009-10-13


ԼԱՎՐՈՎԻ ՁԵՌԱԳԻՐ ՆԱՄԱԿԸ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի կառավարության պաշտոնաթերթ «Ռոսիյսկայա գազետան» հանդես է եկել սենսացիոն մանրամասնություններով, որոնցով բացահայտել է Ցյուրիխում տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ուշացումի պատճառները:

Թերթը գրում է. «Այն, ինչ տեղի ունեցավ Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին, հանգիստ կարելի է դասել հոլիվուդյան քաղաքական թրիլլերների շարքում: Փաստաթղթի ստորագրմանը նախորդել են գրեթե 4-ժամյա էմոցիոնալ իրադարձություններ, դասական երաժշտության համերգի դադարեցում, օրակարգից հանվել է պաշտոնական ընթրիքը, վերջում գրվել է ձեռագիր նամակ, առանց որի հայ-թուրքական հաշտեցումը կվերածվեր սկանդալի»:

Հիշեցնենք, որ իրադարձությանը մասնակցում էին, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովից բացի, Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարներն ու Եվրոմիության գլխավոր քարտուղար Սոլանան:

Ռուսական պարբերականը գրում է, որ սկզբում լրագրողներին հայտնի է դարձել, որ հայկական կողմը դեմ է արտահայտվել «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությանը, որը եղել է Դավութօղլու հայտարարության մեջ: «Մինչդեռ իրականում Նալբանդյանը պահանջել է, որ թուրք արտգործնախարարի ելույթից հանվի այն միտքը, թե Հայոց ցեղասպանության հարցը քննարկվելու է ստեղծվելիք պատմական հարցերի հանձնաժողովում,- նշում է «Ռոսիյսկայա գազետան»` շարունակելով,- հասկանալով, որ արձանագրությունների ստորագրումը ուշանում է, Լավրովը Սոլանային, Քուշներին ու Զբոգարին հրավիրում է դիտելու Մոսկվայում նույն ժամանակահատվածում մեկնարկած Ռուսաստան-Գերմանիա ֆուտբոլային հանդիպումը (իրոք ֆուտբոլային դիվանագիտություն)»: Իսկ թե այդ ժամանակ ինչո՞վ է զբաղված եղել Հիլարի Քլինթոնը, ռուսական թերթը չի նշում: Փոխարենը տեղեկացնում է. զգալով, որ հայ-թուրքական հաշտեցումը կարող է մտնել փակուղի, Լավրովըՙ վերցնելով թուղթ ու գրիչ, նամակ է գրում հայ նախարար Նալբանդյանին, հետեւյալ տողերով. «Էդվարդ, համաձայնիր արարողությանը առանց երկկողմ հայտարարությունների»: Այս նամակը ստորագրում են նաեւ Քուշները, Սոլանան եւ Ժբոգարը, վերջում էլ ռուս նախարարն ավելացնում է. «10 հոկտեմբեր, 2009թ., 19:35»»: Թերթի տեղեկացմամբՙ նամակը անմիջապես հասցվում է Նալբանդյանին. մոտ մեկ ժամ անց արձանագրությունների ստորագրումը սկսվում է:

Թերթը նաեւ տեղեկացնում է, որ ո՛չ հայկական, ո՛չ թուրքական, ո՛չ էլ արտասահմանյան ԶԼՄ-ները չեն անդրադարձել այն փաստին, որ միայն Ռուսաստանի ջանքերով է, որ արձանագրությունների ստորագրումը չի ավարտվել սկանդալով, այլ բոլորը հայտարարել են ԱՄՆ-ի մեծ դերի մասին այս հարցում:

Այս ամենից հետո պատահական չի դառնում այն հանգամանքը, որ արձանագրությունների ստորագրումից հետո ՌԴ նախագահ Մեդվեդեւը հրավիրեց նախագահ Սարգսյանին Մոսկվա` քննարկելու Ցյուրիխում ստորագրված փաստաթղթի էությունն ու դրան նախորդած իրադարձությունները, քանի որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը փաստորեն սկսվեց Կրեմլի միջամտությամբ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4