«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2009-10-09 | #183, 2009-10-10 | #184, 2009-10-13


ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ԴՍԵՂՈՒՄ

Մեծ Լոռեցու ծննդյան 140-ամյակը շարունակվում է մեծ շուքով նշվել ողջ Հայաստանում եւ նրա ծննդավայր Դսեղում: Այդ առթիվ Թումանյանի տուն-թանգարանի բակը կրկին մարդաշատ էր: «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ եւ Լոռու մարզպետարանի անմիջական աջակցությամբ տոնական հանդիսություն էր հրավիրվել: Սա Թումանյանական տարվա ամփոփիչ միջոցառումների շարքն էր: Մեծ գրողի հարկի տակ հավաքվել էին ՀՀ կառավարության անդամներ, մարզային իշխանության ներկայացուցիչներ, մտավորականներ, գրողներ Երեւանից ու Վանաձորից, ուսանողներ, հյուրեր այլ մարզերից եւ մայրաքաղաքից: Տոնին ժամանել էին նաեւ բանաստեղծի թոռնուհինՙ գրականագետ Իրմա Սաֆրազբեկյանը, ծոռնուհինՙ Ելենա Կոլեսնիկովա-Թումանյանըՙ Թբիլիսիից, հյուրեր Վրաստանից: Հանդիսությունը վարում էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը :

Օրհնության խոսք ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը :

Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն ասաց. «Ուրախալի է, որ Ամենայն հայոց բանաստեղծը կրկին իր գիրկն է հավաքել բոլորիս: Մեզ համար թանկ են Թումանյանիՙ համամարդկային մտքերը, լավատեսությունը, հանդուրժողականությունը, ազգասիրությունը: Մենք կանգնած ենք ազգի համար կարեւոր իրադարձությունների նախաշեմին, եւ մեզ պետք են թումանյանական պատգամները»:

«Լոռու ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն իր ելույթում ասաց. «Այս տոնը հավաստում է, որ մենք եւս մեկ անգամ փորձում ենք մեր ժամանակը չափել Թումանյանով, որովհետեւ որքան հեռանում ենք Թումանյանից, այնքան նա մեզ ավելի մոտ է դառնում: Մոտենում է իր մտքերով, խոհերով, փիլիսոփայությամբ: Նա փորձում է նոր հազարամյակում մեզ առաջնորդել այն նվիրական զգացումներով, որոնք մեզ այսօր պակասում են»: «Լոռու ձորը» 2 տարվա պատմություն ունի: Միությունը մշակութային տարբեր նախաձեռնություններ է իրականացրել: Թումանյանական տարվա մեկնարկը տրվել է Թբիլիսիում, միջոցառումներ են անցկացվել Երեւանում եւ այլ մարզերում: Նաեւ ութ գիրք է հրատարակվել միության ուժերով:

Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը մեծ հուզմունքով էր պատմում պապիկի հետ կապված իր մանկության հուշերը, Թումանյանի հորդորները իր թոռներին, նրա նվիրական ձգտումները Լոռու, Դսեղի, հայրենի օջախի նկատմամբ: «Աստծո ուժը կա այսօր, որ մենք բոլորս այստեղ ենք: Մենք Թումանյանին մշտապես ներկայացնում ենք որպես մեծ գրողի, հրապարակախոսի, քաղաքական գործչի, բայց երբեմն մոռանում ենք, որ նա առաջին հերթին եղել է մարդ, ունեցել է իր զգացմունքները, ապրել է լավ ու վատ օրեր, եղել է լավ ամուսին, հրաշալի հայր, պապ: Այսպիսին նրան հիշում են նրանք, ովքեր նրա կողքին են եղել եւ շփվել իր հետ»: Իրմա Սաֆրազբեկյանը Թումանյանի տուն-թանգարանին նվիրաբերեց Թումանյանի գնածՙ ավելի քան 100 տարվա հնության գրապահարանը:

Գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի անունից ողջույնի խոսք ասաց տողերիս հեղինակը, նշելով, որ աշխարհի բոլոր ազգերն ու ժողովուրդները ճանաչվում են իրենց մեծ գրողներով, մտավորականներով եւ մենք իրավամբ կարող ենք ասելՙ մեր երկիրը Նարեկացու, Չարենցի, Թումանյանի հայրենիքն է:

Թումանյանի մասին խոսեցին եւ միջոցառումը կարեւորեցին բանաստեղծ Սուրեն Մուրադյանը , Հյուսիսային համալսարանի ռեկտոր, հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ Բորիս Մակիչյանը , գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը եւ ուրիշներ: Ցերեկույթին ներկայացված էր Անուշի եւ Սարոյի արձանի մակետը, որը շուտով իր տեղն է գտնելու Դսեղի հրապարակում: Արձանը քանդակում է Հայաստանում եւ ՌԴ-ում հայտնի քանդակագործ Մարատ Մինասյանը, որը երկար տարիներ եղել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենը: Քանդակի պատրաստման հովանավորությունն ստանձնել է ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը : Նա նույնպես ներկա էր հանդիսությանը: Հանդիսությանն իրենց մասնակցությունն ունեցան նաեւ Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքի գրողներըՙ բաժանմունքի նախագահ, բանաստեղծ, արձակագիր եւ թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի գլխավորությամբ:

Օրը շնչում էր թումանյանական ոգով: Հնչում էին նրա ստեղծագործությունները:Հագեցած էր միջոցառման համերգային մասը: Ելույթ ունեցան Երեւանի Ազգային օպերային թատրոնի մեներգիչներ Ռուբեն Սահակյանը եւ Արմենուհի Սեյրանյանը (նրանք հանդես եկան Սարոյի եւ Անուշի մեներգերով), «Սայաթ-Նովա» աշուղական համույթի մեներգիչներ Իրինա Հարությունյանը եւ Նշան Մանուչարյանը, Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի մեներգիչներ Անահիտ Մայիլյանը, Նազիկ Աղաջանյանը, Սերգեյ Աբրահամյանը, մեր հայրենակցուհի, գերմանաբնակ Աչիկ Մայլեն, Վանաձորի եւ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտների ուսանողները, իսկ Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Արմինե Աղաբեկյանը հատվածներ ներկայացրեց «Թմկաբերդի առումը» պոեմից:

Վերջում ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին տուն-թանգարանի բակի հուշարձանի մոտ, ուր ամփոփված է բանաստեղծի սիրտը:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4