«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2009-10-10 | #184, 2009-10-13 | #185, 2009-10-14


ԻՆՔՆԻՆ ԴՐԱԿԱՆԸ` ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ «ԿԱՆԽՈՐՈՇՎԱԾ»

Եվրոպայի խորհուրդը հոկտեմբերի 15-ին կքննարկի Երեւանի քաղաքապետի ընտրությունները

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ

Երեւանի քաղաքապետի ընտրություններն ինքնին դրական երեւույթ են, որ ողջունելի է Եվրոպայի խորհրդի տեղական ու շրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից: Այսպիսին ներկայացրեց կոնգրեսի մոտեցումը կառույցի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յան Միկալլեֆը կազմակերպության Ստրասբուրգում հերթական նստաշրջանի բացումից առաջ հրավիրված ասուլիսում:

Ներկայացնելով ընդհանուր օրակարգը` կոնգրեսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ մի քանի լուրջ հարցերի քննարկում է սպասվում, որոնցից մեկն էլ Երեւանի քաղաքապետի ընտրություններն են: Միկալլեֆը դրանք հետաքրքրական անվանեց, քանի որ առաջին անգամ են անցկացվել: Ամեն դեպքում, Միկալլեֆի խոսքերով, Երեւանի ընտրությունների մասին իրենց կազմակերպության զեկույցը տեղի ունեցածում առաջընթաց է գրանցել, բայց հարկավոր է զգույշ լինել, որպեսզի եվրոպական ընտրական չափորոշիչները լինեն բավարարված:

Միկալլեֆի ներկայացմամբ, զեկույցում կան դրույթներ, որ ակտիվ քննարկման կբերեն, սակայն կոնգրեսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը գտնում է, որ այդօրինակ ընտրությունների անցկացումն ինքնին դրական է, քանի որ Եվրոպայի համար անընդունելի է քաղաքապետների նշանակման մոտեցումը:

Հոկտեմբերի 15-ին կոնգրեսը կանդրադառնա Երեւանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ իրենց իսկ դիտորդական առաքելության զեկույցի քննարկմանը: Մայիսի 31-ի ընտրությունները Եվրոպայի խորհրդի տեղական ու շրջանային իշխանությունների կոնգրեսը դիտարկել էր հայկական իշխանությունների հրավերի հիման վրա` Նիգել Մերմագենի ղեկավարությամբ: Դիտորդական առաքելությունը կազմված էր կոնգրեսի 9 եւ եվրոմիության տարածաշրջանների հանձնաժողովի 4 անդամներից:

Պատվիրակության դիտարկման եզրակացության համաձայն, որ ներկայացվել է համապատասխան զեկույցում, ընտրությունների կազմակերպական շրջանակները լայնորեն համապատասխանել են եվրոպական չափորոշիչներին: Սակայն պատվիրակությունը հստակեցրել է, որ ժողովրդավարությունը միայն կազմակերպական մասից չի բաղկացած ու կախված, այլեւ զարգացած ընտրական վարքագծից եւ ժողովրդավարական մշակույթից:

Պատվիրակությունը նաեւ ափսոսանք է հայտնել ծառայողական դիրքի այն չարաշահումների առնչությամբ, որ սահմանափակել են քվեարկության իրականացումը: Պատվիրակությունը նաեւ զեկույցում նշել է, որ բացահայտել է, թե Հայաստանում քաղաքական դերակատարները պետք է պայքարեն հանուն էթիկայի, մոտեցումների ու վարքագծի ավելի բարձր մակարդակի համար, որպեսզի քաղաքացիներն ավելի տեղյակ լինեն ժողովրդավարական իրավունքներից ու պարտականություններից:

Կոնգրեսի առաջարկությունների նախագծի համաձայն, կոնգրեսը գոհունակություն է հայտնել Հայաստանում տեղական ժողովրդավարության առումով դրական զարգացումների առնչությամբ, հատկապես որ, Կոնգրեսի առաջարկությունների համաձայն, Հայաստանում տեղի ունեցան Երեւանի քաղաքապետի առաջին ընտրությունները, որոնց կամզակերպումն իրականացվել է մեծապես համաձայն եվրոպական չափորոշիչների:

Այնուամենայնիվ, քաղաքապետի ընտրությունների առնչությամբ զեկույցում նախագծի մակարդակով կոնգրեսը ափսոսանք է հայտնում, որ հասարակությունը Հայաստանում թերահավատ է մնում ընտրական գործընթացների ու դրանց արդյունքների հանդեպ, ինչն էլ իր դերակատարությունն է ունեցել ընտրական արդյունքները «նախասահմանված» գնահատելու համար:

«Ընդհանուր առմամբ, ընտրական քարոզարշավը առանձնացել է կուսակցությունների միջեւ նորմալ մրցակցային կլիմայի բացակայությամբ, չկային նշանակալի տարբերություններ թեկնածուների ծրագրերում, շատ քիչ էին կոնկրետ քաղաքին վերաբերող ծրագրերով առաջարկությունները», նշվում է նախագծային փաստաթղթում:

Ընտրական բացասական պահերից նշվում են կին թեկնածուների փոքրաթիվ լինելը, հանրային հեռուստատեսությամբ եթերաժամանակի մատչելիության խնդիրները թանկության ու սահմանափակումների պատճառով, որոշ ընտրատեղամասերում անհասկանալի դերակատարմամբ մարդկանց ելումուտը, իշխանությունների կողմից ընտրություններն «արդար ու թափանցիկ» ներկայացնելու ֆոնին` ընդդիմության եւ տարբեր դիտորդների կողմից խախտումների մասին հայտարարությունները հաշվի չառնելը եւ այլն: Կոնգրեսը առաջարկում է Հայաստանին շարունակել բարեփոխումները բոլոր ուղղություններով:

Ադրբեջանը Բաքվի քաղաքապետ չի ընտրի

Կոնգրեսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Յան Միկալլեֆը անընդունելի է համարում, որ, օրինակ, Ադրբեջանում չեն անցկացվում Բաքվի քաղաքապետի ընտրություններ: Այս առնչությամբ կոնգրեսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը երեկվա ասուլիսում ներկայացրեց Ադրբեջան վերջին իր այցելության արդյունքները, որոնք, թերեւս արդյունք կոչելու համար շատ թերի են, քանի որ Ադրբեջանը հաստատուն է մնացել իր մոտեցման մեջ առ այն, որ Բաքվի քաղաքապետը մնալու է նշանակովի մարմին, այլՙ ոչ ընտրովի:

Չնայած Ադրբեջանի այս մոտեցմանը` Յան Միկալլեֆը, իր իսկ խոսքերով, Ադրբեջանում հանդիպումներում հստակ ներկայացվել է Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը, որ Բաքվի քաղաքապետի ընտրությունը Բաքվի համայնքի շահերից է բխում, ինչին ադրբեջանական իշխանությունները որեւէ կերպ չեն արձագանքել: Սակայն ԵԽ ճնշումներն ու պնդումները, ըստ Միկալլեֆի, կշարունակվեն:

Ադրբեջանում դեկտեմբերին սպասվում են տեղական ընտրություններ: Կոնգրեսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը տեղեկացրեց, որ երկու առաքելություն կայցելի Ադրբեջանՙ նախընտրական իրավիճակի դիտարկման եւ բուն ընտրությունների առնչությամբ: Միկալլեֆի խոսքերով, Ադրբեջան կայցելի այս տարվա թերեւս ամենալայն կազմով պատվիրակությունը տեղական ընտրությունները դիտարկելու նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4