Երեկ Հայոց ցեղասպանության թանգարանում թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը եւ մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ալբոմ-մենագրության շնորհանդեսը, որում շուրջ 500 լուսանկարներով ներկայացված է Օսմանյան կայսրության հայ բնակչության շրջանում մարզական ու մարմնակրթական շարժման պատմությունը:
Մենագրությունն անդրադառնում է կայսրության հայաբնակ բնակավայրերում առաջացած մարզական ակումբների գործունեությանը, հայկական օլիմպիական խաղերի կազմակերպմանը, Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում մեծ թափ առած մարմնակրթական շարժման պատմությանը, ինչպես նաեւ հայ կանանց մարմնամարզական ակումբների, մարզական մրցակցության եւ ազգայնականության, հայկական սկաուտական շարժման առաջացմանը եւ Եղեռնին զոհ գնացած հայկական մարզիկներին:
Հեղինակը տեղեկացնում է, որ կայսրությունում պայքար էին տանում ազգային փոքրամասնությունների սպորտային հաջողությունների դեմ, սակայն դա չխանգարեց, որ Ստոկհոլմի հինգերորդ միջազգային օլիմպիադայում Օսմանյան Թուրքիան ներկայացնող առաջին մարզիկները դարձան հայազգիներ` Վահրամ Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը:
«Սա իմ մեկ տարվա աշխատանքն է: Իմ մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ տեսնելու առաջին հայկական ֆուտբոլային ակումբները, եւ ուսումնասիրություններով պարզեցի, որ Օսմանյան կայսրության ամենահաջող ֆուտբոլային ակումբները հենց հայկական էին: Առաջին մարզական հանդեսը նույնպես հայկական էր, ի դեպ, մենք այսօր ձեռք ենք բերել դրանցից մեկի` «Պայքարի» համարներից մեկը», ասաց պարոն Դեմոյանը:
«Պայքարի» համարը, որը ներկայացվեց նաեւ լրագրողներին, ձեռագիր էր: Առաջին էջում գրված էր հետեւյալ նախադասությունը. «Առաջ, հայորդիներ, հաղթանակը ձերն է»: Ինչ խոսք, անցյալ դարից եկող այս կոչը արդիական է նաեւ այսօր` Թուրքիա-Հայաստան խաղի ժամանակ:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ