Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը դիտելով` ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «շատ է ափսոսացել». «Զզվանքս եկավՙ նայելով այդ արարողությունը», երեկ «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց նա: Ըստ բանախոսիՙ բոլորին էլ պարզ դարձավ, որ այս հարցում էապես շահող կողմը Թուրքիան է. «Դա երեւում է նաեւ ստորագրումից հետո տարբեր լրատվամիջոցներում արված թուրք պաշտոնյաների հայտարարություններից: Ընդ որում, նրանց նման մենք էլ պետք է մեր ասելիքները բարձրաձայնենք», նկատեց պարոն Հովհաննիսյանը:
ԱԺ-ում արձանագրությունների վավերացումը տապալելու գործընթացում հաջողության հասնելու համար պատգամավորը կարեւորություն չտվեց ընդդիմադիրների թվաքանակի սակավությանը. «Նման հարցերում թվաբանությունը չի գործում: Չնայած այսօր ԱԺ-ում ունենք արձանագրությունների նման բովանդակությանը դեմ արտահայտվողների 25 տոկոս, սակայն վստահ եմ, որ հոգու խորքում խորհրդարանի 95 տոկոսը դեմ է»: Այս առումով բանախոսը շատ կարեւորեց նախագահ Սարգսյանի հոկտեմբերի 10-ի ուղերձը, որն, ըստ Դաշնակցության ներկայացուցչի, ցույց տվեց նաեւ իրենց մտահոգությունները` հստակ մեկնաբանությամբ. «Եթե սա ուղեցույց լինի հանրապետական մեծամասնության համար, ապա, կարծում եմ, շատ ավելի հեշտ կլինի վավերացումից խուսափելը», նկատեց Հովհաննիսյանը:
Նա նաեւ շեշտեց, որ նախագահի հրաժարականը իրենց համար նպատակ չէ, ի տարբերություն, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի. «Եթե վավերացման կասեցման միջոցներից վերջինը մնա հրաժարականի պահանջը, մենք չենք կանգնի, բայց դա մեզ համար նպատակ չէ, այլ ընդամենը միջոցներից մեկը»:
Շարունակելով հայ-թուրքական հաշտեցման թեման` բանախոսը նկատեց, որ եթե սահմանը բացվի, ուրեմն ՀՀ իշխանությունները պետք է արագորեն միջոցներ ձեռնարկեն մեր տնտեսությունը մրցունակ դարձնելու եւ առաջիկա մարտահրավերներին դիմանալու համար մեր օրենսդրական դաշտում նույնպես իրագործեն լուրջ փոփոխություններ: Իսկ եթե սահմանը չի բացվում, ապա, ըստ Հովհաննիսյանի, Հայաստանը պետք է արագորեն անդրադառնա դեպի Իրան երկաթուղու կառուցմանը` կատարելով նաեւ նույն կառուցվածքային փոփոխությունները:
Բանախոսը չի ընդունում այն միտքը, թե սահմանը չբացվելու դեպքում մեր ներքին ռեսուրսները կհայտնվեն սպառման եզրին. «Մեր ներքին ռեսուրսները ոչ միայն սպառված չեն, այլ դրանց նույնիսկ չեն էլ կպել», նկատեց նա:
Իսկ եթե Հայաստանը հենց հիմա դուրս գա գործընթացից, ապա, պարոն Հովհաննիսյանի խոսքերով, աշխարհին ցույց կտա, որ հայությունը թույլ չի տա գերտերություններին` որոշել իր հարցերը. «Չնայած մենք արդեն ցույց ենք տվել, որ մեր իշխանությունների մեջ կան մարդիկ, որոնք ցեղասպանությունը կարող են վերածել առեւտրի առարկայի», ասաց բանախոսը:
Անդրադառնալով նաեւ վերջին օրերին Բաքվում թուրք որոշ պաշտոնյաների լուսանկարների այրմանը` Հովհաննիսյանը, «թատրոն» որակելով դա, ասաց. «Իմ կարծիքովՙ Թուրքիան Ադրբեջանին բացատրել է, որ մի խառնվեք. սա ձեր օգտին է: Մենք քայլ առ քայլ կստիպենք հայերին զիջումների գնալ, այդ թվումՙ Ղարաբաղի հարցում»:
Պարոն Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ անկախ Երեւանի քաղաքապետարանի իրենց չտված թույլտվությունից, ՀՅԴ-ն հոկտեմբերի 16-ի հանրահավաքի անցկացման վայրը եւ ժամանակը չի փոխելու. «Հանրահավաքը տեղի կունենա, որովհետեւ քաղաքապետարանի մերժման մեջ կան օրենքի խախտումներ. նախ դա արվել է բանավոր, երկրորդը` նրանց մերժման հիմքը չի համապատասխանում իրականությանը», շեշտեց բանախոսը:
Վերջում Վահան Հովհաննիսյանը «տեղեկացրեց», որ ՀՅԴ-ն ոչ թե վերջին պահին է դարձել ընդդիմադիր, այլ` վճռական:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ