«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2009-10-14 | #186, 2009-10-15 | #187, 2009-10-16


ԻՍՐԱՅԵԼԸ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ ԱՄՆ-ԻՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻՆ` ԱՅԼԵՎՍ ՉՕԳՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՄԵՋ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը վերջերս հայտարարեց, որ թուրք-իսրայելյան համատեղ զորավարժություններից Իսրայելի մասնակցության հանումը բխում է թուրք ժողովրդի շահերից. «Մենք այս հարցը քննարկել ենք այլ կուսակցությունների հետ եւ եկել որոշման, որ զորավարժությունները կկայանան, առանց Իսրայելի մասնակցության, հաշվի ենք առել նաեւ հասարակական կարծիքը», հայտարարել է թուրք վարչապետը:

Միեւնույն ժամանակ Իսրայելը հայտնել է իր մտավախությունը, որ Թուրքիայում իշխանության եկած իսլամիստական կուսակցությունը կարողացել է ճնշել բանակի դիմադրությունն ու Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ավանդական ռազմավարական համագործակցությունը մոտեցել է իր վերջին: Ավելին, իսրայելյան լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիան անչափ մոտ է Իրանի հետ դաշինքի ստեղծմանը, սա, ըստ իսրայելցիների, հաստատում են նաեւ Հայաստանի հետ վերջերս ստորագրած համաձայնագրերը: Ամրապնդվում են Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ, եւ Իսրայելին շատ է մտահոգում Անկարա-Դամասկոս-Թեհրան դաշինքի ձեւավորումը, քանի որ կարող է լրջորեն վտանգել Իսրայելի անվտանգությանը:

Սակայն իսրայելյան մտահոգությունները չեն անհանգստացնում թուրքական իշխանություններին: Վերջերս թուրքական պետական ալիքներից մեկով ցուցադրվել են կադրեր, որտեղ պատկերված է իսրայելցի, որը սպանում է երեխայի: Սա ամենայն հավանականությամբ լցրել է Իսրայելի «համբերության բաժակը», եւ պատահական չէ, որ երկրի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանդիպել է Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ: Հանդիպման ժամանակ նախարարը ասել է, որ նման կադրերի ցուցադրումը նշանակում է ատելության սերմանում` Իսրայելի նկատմամբ:

Ինչպես տեղեկացնում է իսրայելական Zman.com կայքէջը, Թուրքիայի նման քաղաքականությունը կարող է նրա առաջ փակել Եվրոմիության դռները, եւ Իսրայելի իշխանությունները եկել են այն որոշմանը, որ իսլամիստական Թուրքիան այլեւս չի կարող միջնորդի դեր կատարել Իսրայելի եւ Սիրիայի միջեւ: Իսկ մեկ այլ` IzRus կայքէջը նշում է, որ Թուրքիան գնում է Հայաստանի հետ հարաբերությունների միայն Եվրոպայի «աչքին թոզ փչելու» համար: Jerusalem Post թերթն էլ գրում է. «Իսրայելի դեմ Թուրքիայի իրականացրած քաղաքականության պատճառով Թել Ավիվը պետք է դիմի ԱՄՆ-ին եւ Եվրոպային` այլեւս չօգնել թուրքերին ժխտելու Հայոց ցեղասպանության փաստը» (փաստորեն մինչեւ հիմա օգնում էին - Հ. Ա.):

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4