«Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ», թուրքական Hurriet թերթին հայտնել է վերլուծաբան Բարչին Իյնանչը: Նա չի կարծում, թե թուրքական բյուրոկրատիան այլ համոզմունք ունի. «Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ չի կարեւորվում միջազգային քաղաքականության մեջ: Եվ որ Ադրբեջանն իր նավթադոլարներով ուզում էր «հետ բերել» Ղարաբաղը` գործի դնելով նաեւ ռազմական ուժը, այլեւս իրագործելի չէ` անցյալ տարվա ռուս-վրացական պատերազմից հետո, քանի որ, չնայած մեծ ներդրումների շնորհիվ ադրբեջանական բանակն այսօր ավելի ուժեղ է հայկականից, կա մտավախություն, որ Ռուսաստանը «կնետվի» պաշտպանելու տարածաշրջանում իր միակ ռազմավարական դաշնակցին», հայտարարել է թուրք վերլուծաբանը:
Իյնանչը ասել է նաեւ, թե շատ հավանական է, որ ադրբեջանական իշխանությունները արդեն հասկանում են, որ հնարավոր չէ ԼՂՀ-ն կրկին դարձնել Ադրբեջանի լիարժեք մաս: Ըստ վերլուծաբանի` այժմ միջազգային միջնորդները օգտագործում են «անկախություն մինուս» սկզբունքը, որի համաձայն Ղարաբաղը կստանա լայն ինքնավարություն, բայց ոչ անկախություն: «Ադրբեջանը վստահում է Թուրքիային այս հարցում արդարացի լուծում գտնելու համար եւ իրեն ավելի վստահ կզգար, եթե զգար Թուրքիայի օգնությունը: Սակայն կասկածի տեղիք չի տալիս, որ Բաքուն որոշակիորեն կորցրել է իր վստահությունը Թուրքիայի նկատմամբ», նկատել է վերլուծաբանը: Թուրքիայում իշխանության եկած «Արդարություն եւ բարգավաճում» (AKP) կուսակցությունը, ըստ Իյնանչի, առանձնապես ոգեւորված չէ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու պետությունների գոյությամբ, այլ ավելի ջերմ շփումների մեջ է արաբական աշխարհի հետ: Վերլուծաբանը սա պայմանավորել է նրանով, որ թուրքական իշխանական իսլամիստական կուսակցությունը թյուրքալեզու այլ երկրներին աթեիստ է անվանում: «Մի խոսքով` կա փոխադարձ հակակրանք մեր միջեւ, որն, անշուշտ, կդժվարացնի ղարաբաղյան հարցի լուծումը,- շեշտել է վերլուծաբանը` շարունակելով,-Անկարան քայլեր արեց Հայաստանի հետ մերձենալու համար, սակայն դրանք չեն կարող արվել ի վնաս Ադրբեջանի: Անշուշտ հասկանալի է, որ Թուրքիայի համար կարեւորը ոչ թե Ղարաբաղի հարցն է, այլ ադրբեջանական նավթն ու գազը, եւ եթե Գյուլն ու Էրդողանն ուզում են շարունակել Երեւանի հետ սկսած ճանապարհը, բայց միեւնույն ժամանակ չկորցնել Ադրբեջանին, ապա պետք է նաեւ ճանապարհներ գտնեն մեր միջեւ փոխվստահությունը վերականգնելու համար»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ