Երեկ Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Մակեդոնիայի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս հրավիրեց եւ վերստին անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին: Թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, նա նշել է, որ Թուրքիան կարեւոր նշանակություն է տալիս իր բոլոր հարեւաններին` ընդգծելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
Թուրքիայի նախագահը գործընթացի առնչությամբ ասել է. «Իրականում մենք կարեւորություն ենք տալիս ողջ Կովկասի կայունությանը, Կովկասում համերաշխության հաստատմանը, այլ ոչ թե նկատի ենք առնում զուտ երկու երկրներին»: Գյուլը ուշադրություն հրավիրեց Կովկասում սկզբնավորված նոր ժամանակաշրջանի, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնահարցի վրա: Նա միաժամանակ ավելացրեց, որ տարիներ շարունակ Ադրբեջանի օկուպացված տարածքների հարցը քննարկվել է դիվանագիտական ամենացածր մակարդակով, իսկ իր մակեդոնացի գործընկեր Իվանովի հանդիպմանն արդեն` նախագահների մակարդակով:
Հ. Չ.