ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների եւ ֆրանսահայ բարերարներ Հարություն եւ Հերմինե Այդաբիրյանների հետ հանդիպման ընթացքում քննարկել է Շուշիի Մուրացանի անվան դպրոցի վերակազմակերպման հարցը, տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշյալ կրթօջախի հիման վրա նախատեսվում է ստեղծել նոր կրթական համալիր, ուր ընդգրկված կլինեն ավագ դպրոցի հիմնական հոսքերը եւ արհեստագործական ուսուցումը: Կրթահամալիրն ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր պայմաններով եւ առաջնային դեր կխաղա հանրապետության տնտեսությունը արհեստագործ մասնագետներով համալրելու գործում:
Դպրոցի վերակազմակերպման հիմնական ֆինանսավորումը ստանձնել է Հերմինե Այդաբիրյանը` իր ազգական Եզնիկ Մոզլյանի կտակած միջոցներով, իսկ շեֆությունը կստանձնի «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղը:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ