«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2009-10-15 | #187, 2009-10-16 | #188, 2009-10-17


ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԻԹ ՃԱՆԱՉԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵԾԱՆՎՈՎ

Այսօր առավոտյան ժամը 7.45-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի շրջակայքից կտրվի «Կովկասյան առեղծվածներ» հեծանվային շրջագայության մեկնարկը, որին կմասնակցեն Իտալիայից եւ Շվեյցարիայից ժամանած 60 հեծանվորդներ: Նրանց տարիքը տատանվում է 36-78-ի սահմաններում: Մասնակիցների թվում են ինչպես արհեստավարժ, այնպես էլ սիրողական հեծանվորդներ: 740 կմ ընդհանուր երկարությամբ երթուղին կընդգրկի Երեւան, Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Սեւան, Մարտունի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ եւ Արարատ քաղաքները: Հեծանվավազքը կավարտվի հոկտեմբերի 24-ին, «Կոնգրես» հյուրանոցի մոտակայքում:

Առաջին անգամ Հայաստանում անցկացվող այս միջոցառման կազմակերպիչները «Գրանդի Ռեյդ Հռոմ» հեծանվային ընկերակցությունն է: Այն հիմնադրվել է 1980-ին Հռոմում 3 հեծանվորդի մասնակցությամբ: Այժմ կազմակերպությունը միավորում է շուրջ 300 հեծանվորդների: Կազմակերպության նախագահ Մարիո Պեսկոսոլիդոն «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ Հայաստանում այս շրջագայության անցկացման առիթը հայկական կոնյակն էր, որ ըմպել էր 2 տարի առաջ Միլանում կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանը 103-րդ երկիրն է, որտեղ կազմակերպվում է հեծանվային շրջագայությունը:

«Կովկասյան առեղծվածներ» հեծանվային շրջագայության միջոցով հիմք է դրվում մի գեղեցիկ ավանդույթի, որն իր մեջ ներառում եւ նախանշում է թե մարզական, թե մշակութային ու զբոսաշրջության համագործակցության նոր ուղիներ ու նպաստում է հայ-եվրոպական համագործակցության ընդլայնմանը: Մեկ բառով «Կովկասյան առեղծվածներ» հեծանվային շրջագայությունը կարելի է բնութագրել այսպես. ճանաչել Հայաստանը հեծանվով: Շրջագայության նպատակն է ընդլայնել հայ-եվրոպական համագործակցությունը սպորտի բնագավառում, նպաստել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանն ու հեծանվային նոր երթուղիների ստեղծմանը:

Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին ողջունեց հեծանվային շրջագայության մասնակիցներին, իր շնորհակալությունը հայտնեց «Գրանդի Ռեյդ Հռոմ» հեծանվային ընկերակցությանը եւ խոստացավ ամեն կերպ աջակցել նրանց: Մասնակիցներին ողջունեցին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն ու «Արմենիա Թրավել+Մ» տուրիստական ընկերության տնօրեն Հայկ Գրիգորյանը:

Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին էլ ողջունեց լավ նախաձեռնության կազմակերպիչներին եւ հույս հայտնեց, որ այն կնպաստի հայ-իտալական սերտ կապերի ընդլայնմանը նաեւ մարզական բնագավառում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4