«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2009-10-15 | #187, 2009-10-16 | #188, 2009-10-17


ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽՆ ԷԼ ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ՈՉ ՄԻ ԱՌԻԹ ՉԻ ՏԱԼԻՍ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականն էլ եզրափակեց Եվրոպայի առաջնության ընտրական խմբի աղյուսակը: Ավստրիայում ընթացած մրցաշարի 3-րդ խաղում էլ մեր պատանիները պարտվեցին: Ճիշտ է, այս անգամ խոշոր հաշիվ չգրանցվեց: Ռումինացիների հետ ավարտական խաղում մեր հավաքականի դարպասում ընդամենը մեկ գնդակ հայտնվեց, այն էլ 11 մ հարվածով: Հիշեցնենք, որ մինչ այդ մեր հավաքականը, որին մարզում է Սեւադա Արզումանյանը, խոշոր հաշիվներով զիջել էր Ավստրիայի (1-5) եւ Շոտլանդիայի (1-6) ընտրանիներին: Ընտրական մեր խմբից հաջորդ փուլ դուրս եկան Շոտլանդիայի եւ Ռումինիայի հավաքականները, որոնք վաստակել էին 6-ական միավոր: Նույնքան միավոր ուներ նաեւ Ավստրիայի ընտրանին:

Ֆուտբոլային մրցաշրջանը մոտենում է ավարտին եւ արդեն կարելի է ամփոփել մեր հավաքականների արդյունքները, որոնք պարզապես հիասթափեցնող են: Ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում եզրափակեց 5-րդ խմբի աղյուսակը: Նույնպիսի բախտի արժանացան մեր պատանեկան հավաքականները: Թեեւ երիտասարդական հավաքականն ընթացիկ մրցաշրջանում դեռ երկու խաղ պետք է անցկացնի, սակայն դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւն էլ արդեն ձախողել է մրցաշարը: Նրա գլխավորությամբ մեր հավաքականը պարտվել է բոլոր 4 խաղերում էլ ու առանց միավորի եզրափակում է աղյուսակը: Եթե այս ամենին ավելացնենք նաեւ եվրոգավաթներում հայկական ակումբների անհաջող մրցելույթները, ապա ընդհանուր տխուր եւ տագնապալի վիճակն ավելի ընդհանրական տեսք կունենա:

Ազգային հավաքականի յուրաքանչյուր անհաջողությունից հետո մեր ֆուտբոլի ղեկավարները սովորաբար խոսում են ապագայի մասին, խոստումներ են տալիս, որ մոտ ապագայում ուժեղ հավաքական կունենանք, ֆուտբոլային լավ հերթափոխ է աճում: Սակայն տարիներն անցնում են, անհաջողությունները կրկնվում են, իսկ ֆուտբոլային պայծառ ապագան այդպես էլ տեսանելի չի դառնում: Ինչ վերաբերում է ֆուտբոլային հերթափոխին, ապա ավարտված ընտրական մրցաշարերը ցայտուն կերպով բացահայտեցին մեր պատանի ֆուտբոլիստների խաղամակարդակը: Հայկական ֆուտբոլը տարեցտարի հետընթաց է ապրում, սակայն ինչպես երեւում է, դա այնքան էլ չի հուզում մարզաձեւի պատասխանատուներին:

Խմբագրի կողմից. - Ժամն է փոխելու վերին ղեկավարությանըՙ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին ու տեղակալներին: Ֆուտբոլն այսօր վերին աստիճանի գրագետների, լայն զարգացում ունեցողների մարզաձեւն է, մի ամբողջ ինդուստրիա է, որը հնարավոր չէ «չափալաղով», «ասֆալտի տակ գլուխը հարթեցնելու» սպառնալիքով ղեկավարել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4