ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Մամուլի ազգային ակումբում երեկ Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը ներկայացրեց իրենց անցկացրած հարցումները երեւանցիների եւ թուրք հասարակության մեջ` պարզելու նրանց վերաբերմունքը հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:
Պարոն Պողոսյանը նկատեց, որ սեպտեմբերին անցկացված հարցումներով թուրքերի վերաբերմունքն արձանագրություններին եւ ընդհանրապես հայերին զգալիորեն փոխվել է. «Եթե նախկինում թուրքերի 70 տոկոսը դեմ էր Հայաստանի հետ շփումներին, ապա այժմ դեմ է արտահայտվում նրանց 53 տոկոսը, ընդ որում նկատելի է, որ այս թիվը նվազելու միտում ունի», նկատեց բանախոսը:
Ինչ վերաբերում է մեր հասարակությանը, ապա. «Երեւանում հազար հոգու մեջ անցկացրած մեր հարցումներով պարզ է դարձել, որ երեւանցիների 52,4 տոկոսը դեմ է արձանագրությունների առկա բովանդակությանը, իսկ 40 տոկոսը` հայ-թուրքական սահմանի բացմանը ընդհանրապես,- ասաց սոցիոլոգը` շարունակելով,- պետք է փաստել, որ այս մոտեցումները միանշանակ չեն. ավելի շատ են մարդիկ, որոնք ոչ թե խոսում են սահմանը բացել-չբացելու, այլ` այս արձանագրություններով հարաբերությունների գնալու մասին, չնայած քիչ չեն նաեւ այնպիսիք, որոնք հոգեբանական բարդույթներ ունեն Թուրքիայի նկատմամբ»:
Պողոսյանը շեշտեց նաեւ, թե որքան դժվարությամբ են ե՛ւ մեր, ե՛ւ թուրքական իշխանություններն առաջ տանում արձանագրությունների վավերացման գործընթացը, նկատելով. «Ըստ իս, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուրքիայի ղեկավարությունները բավարար չեն բացատրել հասարակությանը արձանագրությունների իսկությունը: Չնայած եղան բացատրություններ, սակայն դրանք ուշացած էին: Սփյուռքի պարագայում նույպես, կարծում եմ, բավականին ուշացած քայլեր ձեռնարկվեցին. պետք է մարդկանց բացատրել, հետո նոր գնալ հարցեր լուծելու, ոչ թե հակառակը»:
Բանախոսի վկայությամբ` մեր քաղաքացիներից շատերի համար դեռ պարզ չէ, թե ինչ ենք շահելու կամ զիջելու այս գործընթացից: «Այս առումով գտնում եմ, որ հասարակական քննարկումները, թեկուզ ուշացած, անհրաժեշտ էին, իշխանությունները որոշ բաներ փոխեցին իրենց դիրքորոշումներում, չնայած իշխանություն-հասարակություն անջրպետը, կարծում եմ, դեռ կա», ասաց պարոն Պողոսյանը:
Ինչ վերաբերում է մեր մարզերի դիրքորոշմանը այս հարցում, ապա, բանախոսի ենթադրությամբ, մարզերում ավելի շատ պետք է լինեն դեմ արտահայտվողները, չնայած իրենք որեւէ նման ուսումնասիրություն չեն արել: «Փոխարեն 2005-ին մեր թուրք գործընկերների հետ Թուրքիայում եւ Հայաստանում անց ենք կացրել հարցումներ` պարզելու երկու ժողովուրդների վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Ըստ այդմ` ե՛ւ մեր, ե՛ւ թուրքական բոլոր կարծիքները բավականին հեռու էին իրականությունից, սակայն հայկական պատկերացումները ավելի խիստ էին, քան նրանցը: Հայ-թուրքական գործընթացը սկսվելուց հետո այս պատկերացումները, հատկապես թուրք հասարակության մեջ, զգալիորեն փոխվել են դեպի լավը», նկատեց Պողոսյանը:
Ըստ նրա տվյալների` ամեն տարի Հայաստանից Թուրքիա աշխատելու, հանգստանալու են գնում 30-40 հազար հայեր, ընդ որում առանց խոչընդոտների. «Իսկ եթե այնտեղ նրանցից մեկի անձնագիրը կորի, ո՞ւմ պետք է դիմի մեր քաղաքացին: Մինչեւ հիմա նման հարցերով դիմում էին եկեղեցուն` դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով», նկատեց սոցիոլոգը:
Վերջում պարոն Պողոսյանը որոշ հակասություններ գտավ մեր կառավարության հայտարարությունների մեջ` նշելով. «Եթե նախկինում` ամռանը, մեր կառավարությունը հակագովազդում էր Անթալիա մեկնումը, ապա հիմա խոսում է հայ-թուրքական շփումների անհրաժեշտության մասին: Շատ տնտեսագետներ հաշվարկներով են հանդես գալիս, որ սահմանի բացումից հետո որքան տնտեսական օգուտներ է ունենալու Հայաստանը, սակայն ոչ ոք չի խոսում, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման հետեւանքով որքա՞ն տնտեսական կորուստներ ենք ունեցել, քանի՞ միլիարդի, իսկ ո՞վ պետք է փոխհատուցի մեզ այդ կորուստերը», եզրափակեց բանախոսը: