Վաղեմի բարեկամսՙ Սիմոն Ծատուրյանը, Մոսկվայում ճանաչված է որպես բանիմաց ու փորձառու փաստաբան, իրավապաշտպան: Եվ, չեմ թաքցնում, զարմացա, երբ մի հանդիպման ժամանակ նա անսպասելիորեն ասաց, որ գեղարվեստական գիրք է հրատարակել, եւ մի օրինակ նվիրեց ինձ: Եթե նա գրեր քրեական պատմություններ, դա միանգամայն բնական կլիներ. որպես դատապաշտպան Ծատուրյանը մասնակցել է Ռուսաստանում հայերի սպանությունների, ազգային խտրականության, հայերի նկատմամբ անարդար վերաբերմունքի հետ կապված բազմաթիվ դատավարությունների: Սակայն նորընծա գիրքը բոլորովին այլ բնույթի էր:
Սիմոն Ծատուրյանը ծննդով շամխորցի է: Անձամբ չի ապրել ղարաբաղյան պատերազմին նախորդածՙ ադրբեջանահայության արտաքսման դաժան իրադարձությունները: Սակայն համերկրացիների ողբերգությունը խորապես վերապրել է եւ վիպական լեզվով վերարտադրել:
«Լեմս» անվանված վեպը խորապես զգացմունքային է, բայց ոչ սենտիմենտալ: Մանկության երկու մտերիմ ընկերներըՙ մոսկվացի բիզնեսմեն Գրիգորը եւ հայաստանցի Աշոտը որոշում են վերադառնալ իրենց կորսված ծննդավայրըՙ Շամխորին հարեւանողՙ ժողովրդի կողմից Լեմս անվանված ավանը: Նրանք չեն էլ մտածում, որ դա թշնամական Ադրբեջանն է, նրանց համար դա իրենց պատմական հայրենիքն էՙ Գարդմանքը, որտեղ դարերով ապրել են նախնիները: Ոտք դնելով ազերացված հողը, նրանք բախվում են բազում պատահարների, որ բնավ էլ արկածային չեն համարի. բախվում են ակունքներին վերադարձող մարդկանց հզոր կիրքը եւ դրան հակազդող չար ուժերը:
Վեպը զարգանում է սյուժետային երեք ուղղություններով: Լեմսում ժամանակին ապրել են եվանգելիստ գերմանացիներ, որոնց արտաքսել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Հայտնի իրադարձությունների հետեւանքով նույն բախտին են արժանանում տեղի հայ ընտանիքները: Եվ երկու ընկերները դրամատիկ ուղեւորություն են ձեռնարկում դեպի մանկություն:
Հյութեղ է Ծատուրյանի լեզուն, երբ նա իր հերոսներին ուղեկցում է իրեն իսկ հարազատ սարերով, ժայռերով, գետերով ու կածաններով, երբ ամայացած հայկական եկեղեցին հանգրվանում է ուժասպառ բախտակիցներին... Եվ ինչքան վսեմ են մանկության հիշողությունները, ինչքան առինքնող է բնությունը, նույնքան անողոք են իրողությունները: Ամուլ է թուրքի միտքը, որը չի հասկանում, թե ինչո՞ւ են այդ խենթ հայերը կյանքի գնով տենչում վերադառնալ հայրենի տուն: Իրադարձությունների զարգացումը ձեռք է բերում էպիկական շունչ, եւ Ամենազորն իր կործանիչ հարվածով պատժում է Լեմսի չար ուժերին: Սակայն հետդարձի ուղին բռնում է միայն ընկերներից մեկը: Մյուսը չի դառնում նորաթուխ յաթաղանի զոհ: Ոչ: Նա գիտեր, որ ինքը մահացու հիվանդ է, եւ ուզում էր հոգին ավանդել այնտեղ, որտեղից սկիզբ էր առել:
«Լեմս» վեպը լույս է տեսել Մոսկվայումՙ ռուսերեն: Կասկած չի կարող լինել, որ գիրքը շատ ավելի հնչեղ կլինի հայերեն:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Հ. Գ. Վերջերս հյուրընկալվել էի Մոսկվայի մոտ ապրող նախկին մի շահումյանցու ընտանիքումՙ Կարաչինար գյուղից: Տանտերըՙ ինֆարկտներից կորացած մի այր, ողջ երեկոյի ընթացքում պատմում էր իր հայրենի գյուղի, նրա բնաշխարհի, նրա մարդկանց մասին: Հիրավի կարոտից կքած ալեւոր: Ապրում է պատկառելի առանձնատանը, ընդարձակ հողամասով, որտեղ աճեցնում է կանաչ լոբի, սինդրիկ ու շուշան... Ես մի օրում պատրաստ եմ թողնել այս ամենը եւ վերադառնալ Կարաչինարի իմ տունը, եթե լինի դրա հնարավորությունը, տանջալից համոզմունքով ասում էր նա:
Սիմոն Ծատուրյանի գիրքը այս մարդկանց մասին է: