«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ԵՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑԵԼ

2009-ի ապրիլի 1-ից Հայաստանում է Եվրոմիության` 11 հոգուց բաղկացած խորհրդատվական խումբը, որը խորհրդատվություն է տրամադրում Հայաստանին` Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի իրականացման եւ ժողովրդավարական ու տնտեսական կառույցների հզորացման ուղղությամբ: ԵՄ խորհրդատվական խումբը սերտորեն համագործակցում է Հայաստանում ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմամբ զբաղվող կառույցների, հաստատությունների եւ կազմակերպությունների հետ: Հայաստանն առաջին երկիրն է, որն օգտվում է տեխնիկական աջակցության նպատակով կիրառվող այս ինովացիոն մոտեցումներից: Խորհրդատվական խումբը սերտորեն համագործակցում է եվրոպական կառույցների հետ, Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հետ, որի նախագահն է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանձնաժողովում ներգրավված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշեց.«Կարող ենք արձանագրել, որ ԵՄ խորհրդատվական խումբը բավական արդյունավետ աշխատում է Հայաստանի պետական կառավարման մարմինների հետ, առաջիկայում եւս 6 միջազգային փորձագետներ կմիանան մեզ, որը հնարավորություն կտա նախանշված բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու: Ես հատկապես ուզում եմ կարեւորել հակակոռուպցիոն ռազմավարության մշակման աշխատանքներում խորհրդատվական խմբի իրականացրած ջանքերը, մարդու իրավունքների ազգային ծրագրի շուրջը իրականացված աշխատանքները, ազատ եւ ամբողջական առեւտրի համաձայնագրի կնքման, հարկային, մաքսային վարչարարության բարելամնանն ուղղված աշխատանքները»:

Եվրոհանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերն իր ելույթում նշեց, որ սա հաջողակ փորձ էր, այն աստիճանի, որ իրենք նախատեսում են այդ փորձը տեղափոխել այլ երկրներ. «Խորհրդատվական խումբը դարձնելով այն հիմնական ձեւաչափը, որով մենք այսուհետեւ աշխատելու ենք արեւելյան գործընկերության շրջանակում ներառված երկրների հետ` ապահովելով նրանց համապատասխանությունը մեր չափանիշներին, մենք համարում ենք, որ դրանով իսկապես նպաստ ենք բերել Հայստանում բարեփոխումների ընթացքին, չնայած հաջողությունը հնարավոր չէր լինի առանց հայկական կողմից բարեփոխումների ընթացքին նվիրումի եւ հաստատակամության»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4