«Քանի որ Թուրքիան հավակնում է լինել տարածաշրջանային գերտերություն, ապա ինքը պետք է շահագրգռված լինի Հայաստանի շրջափակման վերացմամբ, որովհետեւ հակառակ պարագայում նրա ծրագրերը դատապարտված են անհաջողության», այս կարծիքը հայտնեց «Ազգ» -ի քաղաքական մեկնաբան, թուրքագետ Հակոբ Չաքրյանը , որը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ երեկ «Հայացք» մամուլի ակումբում պատասխանում էր լրագրողների հարցերին:
Պարոն Չաքրյանի կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացման իմաստը եւ նշանակությունը գերագնահատված է. «Չնայած մեր ընդդիմությունն այս հարցը շատ է շահարկում, սակայն ես մինչեւ հիմա դեռ լուրջ քննարկում չեմ տեսել, այդ թվում` ԱԺ-ում», ասաց բանախոսը:
Անդրադառնալով հայկական կողմի մտահոգություններին` թուրքագետը նկատեց, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրություններում Ղարաբաղի վերաբերյալ որեւէ խոսք չկա. «Եվ ես Բուրսայում` թուրք լրագրողների հետ հանդիպումների ժամանակ, բազմիցս եմ ասել, որ Հայաստանը առաջնորդվելու է միայն արձանագրությունների տեքստով,- ասաց Չաքրյանը` շարունակելով,- ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա ես նրանց ասել եմ, թե ո՞վ է տեսել, որ պատմաբաններն ինչ-որ վճիռ կայացնեն եւ տան քաղաքական գնահատական: Եթե Հայոց ցեղասպանությունը լիներ պատմաբանների քննարկման առարկա, ապա կճանաչվեր ԱՄՆ-ի կամ այլ երկրների պատմաբանների՛ կողմից, այլ ոչ պետությունների»:
Պարոն Չաքրյանն ասաց նաեւ, որ իրեն ավելի շատ անհանգստացնում են ոչ թե արձանագրությունները, այլ «մեր իշխանությունների տնայնագործությունը». «Կարծում եմ` այս առումով հաճելիորեն առանձնանում է Էդվարդ Նալբանդյանը: Թուրքերն ինձ հարցնում էին` ինչպե՞ս է նա Ցյուրիխում կարողացել դիմանալ Հիլարի Քլինթոնի 3 ժամ 15 րոպե տեւած ճնշումներին եւ չենթարկվել դրանց», ասաց թուրքագետը:
«Կենացների մակարդակի խոսակցություններ» որակելով հայ-թուրքական արձանագրությունների ներքաղաքական քննարկումները` քաղաքագետ Բոզոյանն ասաց, որ մեր հասարակության մի զգալի մաս դեռ չի հասկանում, թե ինչ է կատարվում. «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում մի բան է քննարկվում, միջազգային ատյաններում` բոլորովին այլ», նկատեց բանախոսը:
Բոզոյանի կարծիքով, մեր ժողովուրդը երկար տարիներ չունենալով պետականություն, չի ունեցել եւ չունի պետական մտածողություն. «Բայց յուրաքանչյուր ազգ պետք Է ունենա ազգային անվտանգության բնազդ,- ասաց քաղաքագետը` շարունակելով,- ԼՂՀ հարցով մենք կանգնած ենք լրջագույն վտանգի առջեւ. եթե մինչեւ հայ-թուրքական գործընթացի սկսելը ղարաբաղյան խնդիրը միջազգային հանրության կողմից ընկալվում էր որպես սառեցված խնդիր` իր բարդության պատճառով, ապա հիմա վերածվել է ակտիվ քննարկվող խնդրի, իսկ Հայաստանի համար վտանգն այն է, որ այս «խաղի» մեջ ներքաշվելու լեգիտիմ իրավունք է ստացել նաեւ Թուրքիան»:
Ցեղասպանության վերաբերյալ հայկական մտահոգությունները, ըստ Բոզոյանի, արդարացված են. «Թուրքիան, լինելով տարածաշրջանի հզոր երկրներից մեկը, շատ մտահոգված է իր հեղինակությամբ, ուստի ցեղասպանության լայն տարածում ստացող ճանաչումները կանխելու համար, նրանք այս հարցը դարձրեցին երկու երկրների քննարկման առարկա», նկատեց բանախոսը:
Քաղաքագետը նկատեց նաեւ, որ Հայաստանը սեփական իշխանությունների ինքնակամության պատճառով հայտնվել է ծուղակում, եւ, ըստ Բոզոյանի, բոլորն էլ դա հասկանում են. «Թուրքիան միշտ փորձել է ցեղասպանության միջազգային քննարկումներից խուսափելու համար Հայաստանին ներքաշել «երկկողմ զրույցների» մեջ: Մենք նախկինում միշտ խուսափել ենք այդ ծուղակից»:
Ղարաբաղի խնդրի վերաբերյալ պարոն Բոզոյանը ասաց. «Քանի որ Թուրքիան շատ ավելի մեծ ու ազդեցիկ երկիր է, քան Հայաստանը, ապա կարծում եմ, որ միջազգային միջնորդները հզորի «ձեռքն են բռնելու», եւ ես ուզում եմ, որ մեր իշխանությունները մինչեւ վերջ դիմակայեն այդ ճնշումներին. ես ուզում եմ հավատալ, որ այդպես էլ կլինի»:
«Այսպիսի մոտեցումները համարում եմ անթույլատրելի,- քաղաքագետին առարկեց պարոն Չաքրյանը,- ես հավատում եմ մեր իշխանություններին եւ նրանց այն պնդումներին, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման Հայաստանը չի արել եւ չի անի որեւէ զիջում»:
Չաքրյանը չի ընդունում նաեւ այն պնդումները, որ արձանագրությունները կարող են դադարեցնել ցեղասպանության ճանաչման գործընթացը;
Իսկ ինչ վերաբերում է վերջերս նկատվող թուրք-ադրբեջանական հակասություններին, պարոն Չաքրյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի հեռուստաալիքներով արգելված են թուրքերեն ֆիլմերն ու սերիալները, այսինքն` Ադրբեջանում գոյություն ունեն լուրջ դժգոհություններ «եղբորից», ընդ որում` այս դժգոհությունները թուրքագետը չի պայմանավորում միայն Հայաստանի գործոնով. «Եթե Թուրքիան լավ հարաբերություններ է հաստատում Իրանի հետ, ապա Ադրբեջանը արտահայտել է իր պատրաստակամությունը ԱՄՆ-ի հակաիրանական կոալիցիայի մասը կազմելու համար», շեշտեց պարոն Չաքրյանը:
Իսկ քաղաքագետ Բոզոյանը թուրք-ադրբեջանական խնդիրների մասին խոսելը պարզապես ծիծաղելի համարեց:
Փաստորեն վերջին ժամանակներում, ըստ Բոզոյանի, թուրքական, ադրբեջանական, հայկական եւ միջազգային այլ լրատվամիջոցները պարզապես «ծիծաղում» են:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ