«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


Ի՞ՆՉ ԳԻՆ ԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ...

Մտավորականների անհանգստություն

Գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը վստահ է, որ աշխարհում չկա գեթ մեկ հայ, որ դեմ լինի հայ-թուրքական սահմանի բացմանը: «21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն, ու դա հասկանալի է», նկատում է նա: Սակայն այս հարցը պետք է այլ հարթությունից դիտարկել: Մեջբերելով Բիսմարկի «Քաղաքականությունում յուրաքանչյուր բան ունի իր գինը» արտահայտությունը` Մովսեսն առաջարկում է այդ հարթությունից վերլուծել հայ-թուրքական հարաբերությունները: «Ի՞նչ ենք վճարում սահմանի դիմաց. վճարում ենք գին, որն անկարելի է», նկատում է նա:

Գրող Ռուբեն Հովսեփյանն էլ հավելում է, որ սահմանի բացման դիմաց ոչ մի բան չպետք է տանք, եթե նախապայմանի խնդիր կա, ապա հայերը պետք է դնեն: «Ես էլ չեմ ընդունում փակ սահմանները, բայց Հայաստանը ոչ մի գին չպետք է վճարի սահմանի համար: Սահմանը Թուրքիան է փակել, նա էլ պետք է բացի», ասաց Հովսեփյանը` հավելելով, որ հասկանում է հայ հասարակության ատելությունը թուրքերի նկատմամբ, մինչդեռ թուրքերի ատելությունը հայերի նկատմամբ անտրամաբանական է:

Հակոբ Մովսեսը մինչ սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն առաջարկում է թուլացնել երկու ժողովուրդների միջեւ հոգեբանական պատնեշը: «Համաշխարհային պատմության մեջ այդպիսի նախադեպ չկա, որ մի ազգը մյուսի նկատմամբ ցեղասպանություն գործի, զրկի պատմական հայրենիքից, հետո կատարվածը չքննարկելով` հարաբերություններ ստեղծի: Թուրքիան, չընդունելով ցեղասպանությունը, պանթուրքիզմի ծրագիրն է իրականացնում: Այդ դեպքում մենք գնում ենք քաղաքական ինքնասպանության»:

Ռուբեն Հովսեփյանն առաջարկեց խիզախ ու համարձակ արարքներին զուգահեռ խելամիտ որոշումներ կայացնել, այլապես կատարվածը կդառնա անմտություն:

Դաշնակցական գործիչը կցանկանար, որ իշխանությունները հայացքն ուղղեին դեպի հասարակությունը` հարցերի պատասխանը ստանալու համար, մինչդեռ այդպիսի բան տեղի չի ունենում:

Հակոբ Մովսեսը թուրք հասարակությանը թշնամաբար չի վերաբերվում, ընդհակառակը` ուսանողական տարիներին հանրակացարանի սենյակում թուրք երիտասարդի հետ է ապրել, որին կարոտում է: «Բայց խոսքը դրա մասին չէ: Թուրքիայի քաղաքականությունը պետք է հաշվի առնել: Աշխարհում գոյություն չունի պատմական հարց, որ քաղաքական ենթատեքստով լուծվի: Ինչ վերաբերում է սահմանի բացմանը, մշակութաբանական առումով հայ-թուրքական սահմանը վաղուց է բաց, հեռուստատեսությամբ, ռադիոյով հնչող մեր երգերը թուրքական կլկլոց են հիշեցնում, հագուստները` թուրքական տարազ: Այս առումով սահմանը վաղուց էր բաց», ասաց նա` առաջարկելով հայ-թուրքական սահմանը նախ բացել հասարակությունների սրտերում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նկար 1. ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4