«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


«ԳԱԶՊՐՈՄ»-ԻՑ ԳԱԶ ԿԳՆՎԻ` ՀԱԶԱՐ ԽՄ-Ի ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼՈՎ 180 ԴՈԼԱՐ

Երեւանում երեկ մեկնարկեց Գազի տնտեսությունների գործարար եւ գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը: Նիստը Երեւանում է անցկացվում «Հայռուսգազարդ»-ի նախաձեռնությամբ: Խորհրդի նիստի բացման արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գազի սակագներին:

  Կարեն Կարապետյանն այսօր անլուրջ համարեց խոսակցությունները, թե ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կիջեցնի գազի սակագինը, եթե Ռուսաստանի Դաշնությունը դառնա Հայստանում նոր կառուցվող ատոմակայանի բաժնետեր:

«Վերջին 12 տարիներին Հայաստանը տարածաշրջանում այն միակ երկիրն է, որը ռուսական «Գազպրոմ» ընկերությունից գազ է գնում ամենաէժան գներով», սա Կարեն Կարապետյանի կարծիքն է: Նախնական պայմանանվորվածության համաձայն, հաջորդ տարի «Հայռուսգազարդ»-ը ռուսական «Գազպրոմ»-ից գազ կգնի հազար խմ գազի համար վճարելով 180 դոլար` ներկայիս 154-ի փոխարեն:

«Նախ ասեմ, որ 180 դոլարը տարածաշրջանում իրապես լինելու է լավագույն գինը: 12 տարի Հայաստանը ունեցել է աննախադեպ գազի գին: 12 տարվա մեջ Հայաստանը պետք է նախապատրաստվեր, որ պետք է անցնի շուկայական հարաբերությունների: Չի կարելի ապրանքը վաճառել ավելի էժան, քան գնում են ամբողջ աշխարհում», նշեց Կարեն Կարապետյանը:

Ամբողջ աշխարհում գազի սակագինը փոփոխվում է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, դրանում Կարեն Կարապետյանը ողբերգություն չի տեսնում: Հարցին` հնարավո՞ր է սակագնի փոփոխություն, Կարապետյանը նկատեց. «Հնարավոր է: Ուղղակի պետք է փոփոխություններից չվախենանք: Մեզ մոտ ամեն անգամ սակագին փոխելը վերածվում է ողբերգության»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4