«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2009-10-17 | #189, 2009-10-20 | #190, 2009-10-21


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱԽՄԱՏԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Շահագործման հանձնվեց շախմատի ակադեմիայի նորակառույց շենքը

Երեկ հանրապետության շախմատային աշխարհի համար իսկական տոն էր: Շեւչենկո 34 հասցեում գտնվող թիվ 50 դպրոցի մասնաշենքերից մեկը հիմնանորոգումից հետո հանձնվեց Հայաստանի շախմատի ակադեմիային: Եռահարկ շենքի բացման արարողությանը ներկա էր հանրապետության բարձրագույն իշխանությունըՙ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նախագահը նախ հետեւեց ակադեմիայի բակում տեղադրված խաղասեղանների շուրջն ընթացող պատանի շախմատիստների մրցավեճին: Ապա կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանին եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, վերջերս մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Սամվել Տեր-Սահակյանին: Ներկաները ծանոթացան ակադեմիայի շենքային պայմաններին:

Ինչպես նշեց ակադեմիայի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը , չորս տարի տեւած շինարարությունն իրականացվել է կառավարության միջոցներով: Նոր շենքը հնարավորություն կընձեռի ակադեմիայում ուսանելու 4-9 տարեկան շուրջ 400 երեխաների: Նախկին գրասենյակը, «Ազգ» թերթի հարեւանությամբ, գործում էր Հանրապետության 49 հասցեում գտնվող 2 սենյականոց բնակարանում: Ակադեմիան տարիների ընթացքում ընդլայնվել է, այսօր 43 մասնաճյուղ ունի հանրապետությունում, որտեղ ուսանում են մոտ 1000 աշակերտներ: Այժմ հնարավորություն կա մարզերի լավագույն պատանի շախմատիստներին հավաքել, պարապել նորմալ պայմաններում:

«Այսօր բոլորիս համար տոն է: Հավատում եմ, որ այս շենքը մեր շախմատի զարգացման լավագույն հիմքերից մեկը կլինի եւ այստեղ կաճեն շատ խելացի ու տաղանդավոր շախմատիստներ: Շախմատի ակադեմիայի հիմնադիրներից մեկը հանրապետության հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, որին շատ սիրել ու հարգել ենք եւ երախտապարտ ենք: Նրա մահից հետո շարունակում ենք աշխատել երկրի նախագահի հետ», իր խոսքն այսպես եզրափակեց Սմբատ Լպուտյանը:

Խնդրեցինք արտահայտվել նաեւ Լեւոն Արոնյանին . «Մեզ համար շատ ուրախալի օր է: Վերջապես երեխաները ստացան արժանի կառույց, որում ստեղծված են շախմատով զբաղվելու բոլոր պայմանները: Շախմատային մեր սերունդը նման պայմաններ չի ունեցել: Համոզված եմ, որ մեր երեխաները շնորհալի են եւ կարող են իրենց դրսեւորել ոչ միայն շախմատում, այլեւ մյուս բնագավառներում: Ժամանակին մենք սկսել ենք շախմատով զբաղվել ծանր պայմաններում, մութ տարիներին, ցուրտ սենյակներում: Սակայն քրտնաջան աշխատել ու հասել ենք մեծ հաջողությունների: Առջեւում մեր հավաքականին լուրջ փորձություն է սպասում Եվրոպայի թիմային առաջնությունում: Կաշխատենք պատվով դուրս գալ այդ քննությունից»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4