Ջերմեն Թեյլորը, որ Արթուր Աբրահամի հետ մենամարտում նոկաուտի էր ենթարկվել, դուրս է գրվել հիվանդանոցից: Նա ուղեղի ծանր ցնցում էր ստացել, ինչպես նաեւ հիշողության կարճատեւ կորուստ էր ունեցել: Բժիշկներն առայժմ թույլ չեն տալիս ինքնաթիռ նստել, ուստի մի քանի օր Թեյլորը կնոջ հետ կմնա Բեռլինում:
«Շնորհակալ եմ համակիրներիցս եւ բոլոր նրանցից, ովքեր անհանգստացած էին իմ առողջությամբ: Այժմ ինձ լավ եմ զգում: Ցանկանում եմ շնորհավորել Արթուր Աբրահամին հաղթանակի առթիվ եւ մրցաշարում հետագա հաջողություններ մաղթել: Ծրագրել եմ հանգստանալ եւ կնոջս հետ զվարճանալ Եվրոպայում», նշել է Թեյլորը: Առայժմ հայտնի չէ, թե վերջին 5 մենամարտերում նոկաուտով 3-րդ պարտությունը կրած Թեյլորը կկարողանա՞ շարունակել ելույթները մրցաշարում: Նրա հաջորդ հանդիպումը նշանակված է 2010-ի գարնանը Անդրե Ուորդի հետ:
Արթուր Աբրահամն իր ուրախությունն է հայտնել, որ Թեյլորի մոտ ամեն ինչ նորմալ է, ուստի կարող է տոնել իր հաղթանակը: Սակայն դա ընդամենը մի քանի օր կտեւի: Արթուրը սկսելու է նախապատրաստվել Անդրե Դիրելի հետ հունվարի 23-ին կայանալիք մենամարտին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ