Մարդու սիրտ է ճաքում հայ-թուրքական թեմայով ամենօրյա այս տուրեւառումներից: Սա հենց այն դեպքն է, երբ բացարձակ նույնական է «Սիրտ է պետք, որ դիմանա» ասույթը: Հատկապես այնպիսի մարդու սիրտը, որ ամեն օր քչփորում է կայքերն ու րոպեն րոպեի վրա հայտնաբերում, թե թուրքերը ո՞նց են պոչ խաղացնում: Մեկ` Էրդողանն է բեղը ոլորում, թե Ադրբեջանի շահերը կպաշտպանենք այնպես, ինչպես Թուրքիայինը, ադրբեջանցի յոլդաշներ, Ձեր ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, Ձեր վիշտը` Թուրքիայի վիշտը, մնացածը սադրանք է, մի հավատացեք (արձանագրություննե՞րը, առանց նախապայմանի՞, առանց Ղարաբաղի հարցի, ո՞րն է, է՛, սադրանքը. բա չե՞ք ստորագրել, ստորագրելուց հետո էլ չեք վավերացնելո՞ւ` առանց նախապայմանի. թե չէ` Ադրբեջանի վիշտ, իմա`«Ղարաբաղը մերն է», «գիտահետազոտակա՜ն», մարդու սիրտ կկանգնի): Սիրտ ամեն դեպքում է պետք, որ մեր ներսի տորնադոներին դիմանա: Դաշնակցականներն ասում են` որ սակարկեն` ոչ մի ամրոց եւ կույս չի դիմանա (Ռուզվելտն է, այսինքն, ասել). ինչի՞ շուրջը պիտի սակարկեն որ, նախագահն էլ է մի քանի անգամ կրկնել` Ցեղասպանությունն ու Ղարաբաղի հարցը անսակարկելի են, հո մի բան վրայից չե՞ն ասի, տակից` սակարկեն, հո սեփական անձի ու երկրի թշնամին չե՞ն, հենց մեկը նախագահ է դառնում` դառնում է թշնամի՞ ու սակարկո՞ղ, բա ոնց անենք, ում վստահենք, ում` չէ, մտածում են մարդիկ, ու կասկածն է կամաց սողոսկում մարդու սիրտ: Պետրոսը (առաքյալը չէ) իր կարմիր բազկաթոռի մեջ ու հյուրին կարմիր հյութ դեմ տված` սադրում է. ընդդիմադիրին ասում է` ինչո՞ւ եք, է, դեմագոգիա անում, չէ՞ որ արձանագրություններում Ղարաբաղի եւ Ցեղասպանության մասին բան չի գրած, իշխանավորին ասում է` Ղարաբաղի հարցն, ախր, թաքնված է արձանագրություններում (հաղորդման հաջողության խաթրու), ու չես հասկանում` ո՞ր դեպքում է անկեղծ, միայն թե բանախոսին ընդդիմախոսի, հեռուստադիտող, արի ու դիմացիր: Թուրքիան` Գյուլը Ռուսաստանին` Մեդվեդեւին ասում է` ամենակարեւոր խաղացողը դու ես, ո՞նց ասես, մեծ ախպեր, այդպես էլ կշարժվենք (բա իրար ուղղված բասուրմանն ու գյավուրը ո՞ւր մնացին, հիմա խաղացո՜ղ, էն էլ ամենակարեւո՜ր, տակը մենակ նա՞վթ է, թե այլ մի բան կա` «գրավյալ» անվանյալ մեր «ամագի» տեսքով): Իսկապես, շատ նեղ է մարդու սիրտը` այս բոլոր մակընթացություն-տեղատվություններին դիմանալու եւ չպայթելու համար: Որքա՞ն է, տեսնես, դիմանալու լիմիտը: Մեկն ասում է` արձանագրությունները հիմա պետք է ներկայայցնել ՍԴ, ձգձգելու հարկ չկա, իսկ Թուրքիան էլ գոնե մինչեւ ապրիլի 24-ը պետք է վավերացնի արձանագրությունները. սա որ սիրտ պայթելու բան է` դու մի տես, որ մի 6 ամիս դեռ կարող է հրապարակային այս խաղը` «կբացի-չի բացի, կվավերացնի-չի վավերացնի», խաղացվի, ու դեռ Եղեռնի նախօրեին նորից արյուն պղտորվի: Իսկ այդ 6 ամսում պատկերացնում ե՞ք, որքան անգամ պիտի Էրդողանը, Գյուլը, Դավութօղլուն էս երեսով ժպտան մեզ ու աշխարհին, էն երեսով դիք-դիք պահեն իրենց ազգայանականներին` հարկավոր կեղծավոր խոսքերը գտնելով կամ ցուլին կատաղեցնող կարմիր լաթի պես դեմ տալով առանց Հայաստան համաթուրանական քարտեզները, ու սրտից թույլ մարդը ո՞նց է դիմանալու երեսպաշտության այդ ողջ շքահանդեսին:
Մեկն ասում է` մինչեւ գարուն գոնե ամեն ինչ պիտի վերջանա, վավերացումը նկատի ունի. օհ, մինչեւ գարուն ամենահաստ պատերով սիրտն էլ կբարակի` այս թեմայով ամեն տեսակ խժի-բժի խոսակցություններից:
Գոնե ուրիշ` ցրող զբաղմունք գտնվի քաղաքական անտարբերության վիրուսով չվարակվածների համար. էն, որ ասում են` Նիկոլի դատը շեղելու է ուշադրությունը հայ-թուրքական գործընթացներից, (տողերիս հեղինակը Նիկոլին բաց թողնելու ու նրա շեֆ/եր/ին դատելու կողմնակից է), էն, որ ասում են` 10-10-ին, թիվ 10-ում` դու մի ասա Սուրենյանցն էլ է որոշել առաջադրվել` Սուքիասյանի տեղում, էլ ոնց մարդ դիմանա` Արամ Զ. Սարգսյանը չէ, Ստեփան Դեմիրճյանը չէ, նույնիսկ Շիրխանյանը կամ Շահնազարյանը չէ, Սուրենյանցն է, էլի` էդ զբաղմունք չէ ու զբաղմունք չէ: Դե ուրեմն մնաց սիրտ պայթեցնելը` հայ-թուրքական արձանագրությունների թեմայով: Ու որ հանկարծ դրան գումարվի այլ` սոցիալական նեղվածություն, հարազատ-բարեկամիդ քիթ-քիթ նեղացածություն, կենցաղային պրոբլեմներ` նեղսրտության դոզան գալու է ազգիս փխրունսիրտ զանգվածին իրենով անի, ու մարդու սրտի հերն անիծվելու է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ