«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2009-10-20 | #190, 2009-10-21 | #191, 2009-10-22


ԱԽՈՒՐՅԱՆՈՒՄ ՄԻ ԱՄՍԻՑ ԿԲԱՑՎԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆ

«Նովոստի» միջազգային մամուլի ակումբում երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրեն Շեւգեթ Շայդուլինը ներկայացրեց ընթացիկ տարում ընկերության ունեցած արդյունքները:

«Նախ ասեմ, որ այս տարի մենք արդեն կատարել ենք նախատեսված ծրագրերի մեծ մասը, չնայած աշխատում ենք տնտեսական ճգնաժամի պայմաններում», նկատեց Շայդուլինը:

Բանախոսի ներկայացրած թվերի համաձայն` այս տարի, անցյալ տարվա համեմատությամբ, աճ է նկատվում ներքին փոխադրումներում, իսկ արտաքին փոխադրումները նվազել են 51 տոկոսով. «Ուղեւորափոխադրումները աճել են 43 տոկոսով, կատարել ենք վագոնների, երկաթգծերի որակական բարեփոխումներ,- շեշտեց Շայդուլինը` շարունակելով,- չնայած առկա ճգնաժամին, մենք հավատարիմ ենք մնացել ՀՀ կառավարությանը տված խոստումին եւ ոչ մի աշխատողի չենք ազատել, ընդհակառակը` այժմ էլ բացում ենք նոր աշխատատեղեր: Ի դեպ, մեր աշխատուժը հիմնականում հայկական է»:

Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ միջին աշխատավարձն իրենց մոտ կազմում է 116 հազար դրամ, որը անցյալ տարվանից աճել է 32 տոկոսով: «Մենք կարողացել ենք այս տարի չբարձրացնել տոմսերի գները, եւ մեր «մայր» ընկերության` «Ռուսական երկաթգծեր»-ի, տնօրենների խուրհուրդը լավ է գնահատել այս տարվա մեր աշխատանքները: Հաստատել ենք նաեւ 2010-ի ընկերության բյուջեն, որը հիմնականում ուղղված է լինելու երկաթգծերի որակի եւ փոխադրումների բարելավմանը», նշեց պարոն Շայդուլինը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ընկերությունում ընդունվել է որոշում, որ այսուհետեւ ՀՀ կառավարության ներկայացուցիչը նույնպես ներգրավված է լինելու իրենց ընկերության տնօրենների խորհրդի աշխատանքներում:

Շայդուլինը կարեւորեց հայկական երկաթուղու համագործակցությունը վրացական կողմի հետ, որը, ըստ նրա, պետք է օժանդակի տարածաշրջանի տրանսպորտային համակարգը բարելավելուն: Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը` ասաց. «Թեեւ մենք այժմ էլ բեռներ ենք բերում Հոլանդիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից, սակայն սահմանի բացումը հնարավորություն կտա Հայաստանին միանալու Եվրոպա-Կովկաս-Ասիա երկաթգծին, իսկ սա իր հետ բերելու է շատ ավելի լայն հնարավորություններ»: Շայդուլինը տեղեկացրեց, որ մի ամսից կբացվի Ախուրյանի երկաթուղային կայարանը. «Դա գերժամանակակից կայարան է լինելու` լրիվ նոր տեխնոլոգիաներով: Այն կներառի հայ-թուրքական լոգիստիկ կենտրոն, մաքսակետ եւ այլն», ասաց բանախոսը` նկատելով, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղու շահագործման դեպքում հնարավոր է, որ նվազեն հանրապետության ներքին փոխադրումների գները:

Կրկին անդրադառնալով ընկերության ներքին խնդիրներին ու ծրագրերին` Շայդուլինը հայտարարեց, որ ֆինանսական միջոցների 17 տոկոսը ուղղվելու է արագության բարելավմանը. «Եթե նախկինում մեր գնացքները աշխատում էին 40 կմ/ժ արագությամբ, ապա հիմա այդ թիվը հասել է 49 կմ/ժ-ի, օրինակ նախկինում Բաթում գնալը պահանջում էր 14 ժամ, հիմա` 12: Միջոցներ ենք տրամադրելու նաեւ նոր երկաթգծերի կառուցման, հների փոփոխման համար, ընդհանուր առմամբ վերանորոգային աշխատանքների համար այս տարի արդեն ծախսել ենք 2 մլրդ ռուբլուց ավելի գումար»: Բանախոսը տեղեկացրեց, որ հաջորդ տարվանից կլինեն այսպես կոչված «սպիտակ վագոններ»` հեռուստացույցներով, շատ ավելի հարմարավետ:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4