«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2009-10-21 | #191, 2009-10-22 | #192, 2009-10-23


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ՈՐԵՎԷ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՉԿԱ»

Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը Բաքվում ընթացող Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների համաժողովում անդրադարձել է ՍԾՏՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հեռանկարներին` նշելով համագործակցության ոլորտներում ձեռք բերված նվաճումները: Կիրակոսյանը կարեւորել է առանց որեւէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը` որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական: Այդ համատեքստում նա հիշատակել է վերջերս ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունները` որպես նման մոտեցման լավագույն դրսեւորում:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն իր ելույթում անդրադարձել է նաեւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը` նշելով այդ փաստաթղթերի կարեւորությունը տարածաշրջանային եւ, մասնավորապես, ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության զարգացման եւ խորացման համար:

Հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովը կսկսի գործել արձանագրությունների` խորհրդարաններում վավերացվելուց եւ սահմանի բացումից 2-3 ամիս անց: Բաքվում լրագորղների հետ զրույցի ժամանակ այս մասին հայտնել է Արման Կիրակոսյանը:

Նա նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը երկու երկրների ինքնիշխան իրավունքն է:

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե հայ-թուրքական սահմանը կարող է բացվել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումից հետո` Արման Կիրակոսյանն ասել է. «Հայտարարությունները մի բան են, իսկ գրավոր համաձայնությունները` մեկ այլ բան»:

ՀՀ փոխարտգործնախարարը Բաքվում եւս հիշեցրել է, որ հայ-թուրքական արձանագրություններում Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանը բացելու որեւէ նախապայման չկա:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4