Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացի եւ դրա ներդրման ենթադրյալ հետեւանքներին էին վերաբերում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված երեկվա խորհրդարանական լսումները: Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ թեեւ տեխնիկական նորամուծությունները նոր հնարավորություններ եւ հեռանկարներ կբացեն, բայց առաջ կբերեն նաեւ նոր հարցադրումներ` թվայնացումը բնակչության որոշ հատվածի չպետք է զրկի հեռարձակում ստանալու հնարավորությունից, պետք է ապահովի ոչ միայն զանգվածային լրատվամիջոցների բազմակարծությունը, այլեւ տարակարծությունը`ալիքների բազմազանությունը դեռ չի նշանակում բազմակարծության ավելացում. բազմաշերտ գործընթացի իրականացման ճանապարհին առաջանալու է օրենսդրական փոփոխությունների կարիք, եւ այդ հարցում մեծ է լինելու հանձնաժողովի կատարելիք աշխատանքը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ելույթ ունեցավ «Թվային հեռուստառադիոհեռարձակման իրականացման հայեցակարգը. հնարավորություններ եւ հիմնախնդիրներ» թեմայով, տեսական գիտելիքներ փոխանցելով դահլիճին եւ հիշեցնելով, որ օրենսդրական փոփոխությունները նախատեսված է ավարտել մինչեւ 2010 թվականի հուլիսը:
ԵԽ փորձագետ Ջեյմս Բրիգսը ներկայացրեց Մեծ Բրիտանիայի փորձը, տարբեր երկրներում գործող չափորոշիչները, ինչպես նաեւ` անալոգայինից թվային հեռարձակման անցման դեպքում ակնկալվող օգուտներն ու առավելությունները: Ըստ նրա` Հայաստանում թվայնացման գործընթացի ավարտման համար նախատեսված 5 տարին բավական է: Չխորանալով բազմաթիվ ելույթների` թվայնացման տեխնիկական կնճիռները պարզող հարցադրումների մեջ, ներկայացնենք լսումների առիթով Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի տեսակետը թվայնացման եւ լսումների վերաբերյալ. ըստ նրա` թվայնացումն առիթ դարձնելով եւ լիցենզիաների տրամադրումը կասեցնելով` պատկան մարմինները բավական երկար ժամանակ այս ուղղությամբ գործ չեն արել, կգա նաեւ ժամկետի վերջը, եւ կպարզվի, որ ժամկետի ավարտին էլի ոչինչ արված չէ, նոր ժամկետ է հարկավոր: Այդպիսով` որեւէ նոր հեռուստաընկերություն բավական տեւական ժամանակով չի կարողանա հաճախականություն ստանալ:
Մ. Խ.