Արձակագիր, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանը հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չի տեսնում, հավատում է նախագահ Սարգսյանի խոսքերին, բայց չի հավատում թուրքերին: «Նրանց չհավատալու հիմնավոր պատճառներ ունեմ: Մտահոգությունն այն է, որ նրանք անվերջ մեզ խաբել են. ու չի բացառվում, որ այդ ոգով կշարունակեն», ասում է նա: Ըստ Գրիգորյանի, ողջ աշխարհը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ ու սահմանի բացմամբ, որովհետեւ մեղքի զգացում ունի հայ ժողովրդի հանդեպ: «Եթե սահմանը բացվի, ինչին ես չեմ հավատում, ապա կլինի արտաքին ուժերի ճնշման շնորհիվ»:
Արձակագիր, ազատամարտիկ Վահան Տեր-Ղազարյանն առաջարկում է մինչ վերլուծելը, թե ինչ է այսօր տեղի ունենում հանրապետությունում, նախ հասկանալ, թե ինչպիսի երկիր է Թուրքիան: «Պայմանագիր ենք կնքել ոչ թե կայուն պետության հետ, այլ ամեն վայրկյան պայմանագիրը դրժող ոստիկանական պետության հետ: Այս դեպքում անհրաժեշտ է պետության կազմակերպվածություն, որը չկա: Մազից կախված վիճակում ենք եւ պետք է շախմատային քայլեր կատարենք», ասաց ազատամարտիկը:
Արձակագիրները մտահոգված են, որ հայ-թուրքական հարաբերություններում անընդհատ քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:
«Ոչ մի սանտիմետր հող չեմ զիջի: Մինչ զիջելը թող գնան Եռաբլուր ու այնտեղ պառկածներին հարցնեն` պատրա՞ստ են Ղարաբաղը զիջել: Հարցրե՞լ են նրանց կարծիքը», ասաց Տեր-Ղազարյանը:
Հովհաննես Գրիգորյանը նկատեց, որ Ղարաբաղը փոխանակման համար չէ: «Ղարաբաղը միակ տարածքն է, որ ազատագրել ենք ու ազատվել պարտված ժողովրդի բարդույթից: Դրանով մեր ծռված մեջքը դզվեց: Դա մեր արժանապատվությունն է: Չկա որեւէ արժեք, որ հավասարազոր լինի Ղարաբաղին: Առանց այդ սահմանի էլ ապրել ենք ու կապրենք, բայց երբեք Ղարաբաղի հանձնման գնով սահման չենք բացի», ասաց Գրիգորյանը:
Հ. Հ.