«Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնը
«Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» իր գործունեությունը սկսել է 2002-ից. Երեւանում, Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եւ ԼՂ-ում ստեղծել է ճանաչողական-ուսուցողական բնույթի «Արեւորդի» էկո-ակումբներ, որոնցում անցկացվող դասընթացները բնապահպանական խնդիրներին, լրագրությանը, լուսանկարչությանը, կինոարվեստին, նաեւ համակարգչային եւ անգլերենի ուսուցմանն են վերաբերում: 2007-ին հիմնադրամը Վիվասել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացրեց «Արեւորդի»` տարածաշրջանային բնապահպանական առաջին փառատոնը: Այն միակն էր իր տեսակի մեջ հարավկովկասյան տարածաշրջանում եւ անցկացվում է երկու տարին մեկ: «Արեւորդի» բնապահպանական երկրորդ փառատոնը կայանալու է երկու օր հետոՙ հոկտեմբերի 25-29: Այն կոչված է հասարակության ամենատարբեր շերտերի ուշադրությունն ուղղելու վայրի բնության եւ բնապահպանության ակտուալ խնդիրներին:
Փառատոնի մեկնարկը հետաքրքրական անակնկալ է խոստանում: Զանազան թափոններից պատրաստված կենդանակերպ զգեստներով ու դիմակներով հարյուրավոր պատանիներ կմասնակցեն դիմակահանդես-քայլերթին:
Փառատոնի ծրագիրը հագեցած է բնապահպանական տարբեր միջոցառումներով եւ ակցիաներով («Մասնագիտական կողմնորոշում» սեմինար դասընթացՙ գիտատեխնիկական առաջընթացների եւ բնապահպանական կրթության զուգահեռումներ, ցուցահանդեսներՙ «Կանաչ այլընտրանք», երաժշտական ծրագրերՙ «Ռոքը հանուն բնության»):
Դիմակահանդես-քայլերթի մասնակիցներին, երաժշտական խմբերին մրցույթի մասնակցության հնարավորություն է տրված. մրցանակները սահմանված են փառատոնի եւ մշակույթի նախարարության կողմից: Փառատոնի շջանակներում առաջին անգամ կշնորհվի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:
ԵԱՀԿ-ի հետ համատեղ կիրականացվեն հանրային քննարկումներ բնապահպանական խնդիրների շուրջը (ջուրը, կոշտ թափոնների վերամշակումը եւ կլիմայական փոփոխությունները): Prince Clause (Նիդեռլանդների թագավորական ընտանիքի) հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենան «Կովկասյան ջուր. մեր առաջին տարրը» մրցույթ-ցուցահանդեսը, նաեւ Մարտին Ադամյանի հիշատակին նվիրված հուշ-երեկո:
Փառատոնի ծրագրերի մի ծավալուն հատված ընդգրկում է բնապահպանական թեմաներով ֆիլմերի ցուցադրություն: Կինոդիտման ծրագրում ցուցադրվելու է 85 ֆիլմ 30 երկրներից, 10 ֆիլմՙ հիմնական մրցութային ծրագրում եւ 35 ֆիլմՙ տեղեկատվական ծրագրում, եւս 32 ֆիլմՙ կրթական եւ երեխաների մրցութային ծրագրում: (Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է):
«Արեւորդի» բնապահպանական փառատոնի բոլոր քննարկումները, համաժողովները, թրենինգները, ֆիլմերի ցուցադրություններն ու մյուս միջոցառումներն արվում են բնաշխարհի հանդեպ մարդկային վերաբերմունքի փոփոխության, բաց ֆորումի ստեղծման ակնկալիքով: Արտերկրի ավելի քան 60 հյուրերՙ ռեժիսորներ, արվեստագետներ, բնապահպաններ կմասնակցեն փառատոնին:
«Արեւորդի» փառատոնը կանցնի «Քո երկխոսությունը բնության հետ» նշանաբանով: Գլխավոր գործընկերն ու համակազմակերպիչն է Վիվասել-ՄՏՍ ընկերությունը:
Մ. Բ.