Երեկ Երեւանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի շուրջ 200 ուսանողներ արյուն են հանձնել «Հայաստանյան ոսկրածուծի դոնորներ» ռեեստրի ֆոնդին: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով` միջոցառման նպատակն է օգնել աշխարհում արյան հիվանդությամբ տառապողներին, ինչպես նաեւ տեղեկացնել ուսանողությանը եւ երիտասարդներին, որ Հայաստանում գործում է «Հայաստանյան ոսկրածուծի դոնորների» ռեեստրը: Հիշեցնենք, որ ոսկրածուծի դոնորների ռեեստրը նման միջոցառում կազմակերպել էր նաեւ հոկտեմբերի 3-ին «Սիրահարների այգում», որտեղ բազմաթիվ դոնորներ են մասնակցել:
Ակցիային մասնակից համալսարանի ուսանողուհի Դիանա Սողոմոնյանը նշեց. «Ցավոք, այսօր աշխարհում շատ մեծ է արյան հիվանդությամբ տառապողների թիվը, եւ ինձ թվում է` շատ կարեւոր է այսպիսի ակցիաներ կազմակերպելը: Կոչ եմ անում երիտասարդներինՙ այսպիսի հնարավորության դեպքում մասնակցեն նման ակցիաներին»:
«Երիտասարդ կենսաբաններ» ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աղայանի խոսքերովՙ ակցիային մասնակից ուսանողները հետագայում հնարավորություն կունենան մասնակցելու ոսկրածուծի հանձնմանը:
Ն. Մ.