«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2009-10-21 | #191, 2009-10-22 | #192, 2009-10-23


ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ Է

ՈւԵՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման նախնական ցուցակը 2010-ի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի արդյունքների հիման վրա: Այն իր վերջնական տեսքը կստանա անցումային խաղերից հետո: Ըստ դասակարգման այդ ցուցակի էլ հավաքականները կտեղաբաշխվեն 6 զամբյուղներում փետրվարի 7-ին կայանալիք Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի վիճակահանության ժամանակ: Լեհաստանի եւ Ուկրաինայի հավաքականները որպես կազմակերպիչ երկիր, 2012-ի եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ունեն առանց ընտրական մրցաշարում հանդես գալու: Մնացած 51 հավաքականները վիճակահանությամբ կընդգրկվեն 9 խմբերում: Դրանցից 6-ում կընդգրկվեն 6-ական թիմեր, 3-ումՙ 5-ական:

Դասակարգման նոր կարգի համաձայն, հաշվի են առնվում ոչ միայն աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումների, այլեւ եզրափակիչ փուլի արդյունքները: Այդ մրցաշարերում անհաջող հանդես եկած Հայաստանի հավաքականն ընդգրկվել է ամենաթույլ թիմերի խմբումՙ 6-րդ զամբյուղում: Հայաստանի գործակիցը 15,164 է եւ ամենաբարձրն է 6-րդ զամբյուղի թիմերի մեջ: Այստեղ են Ղազախստանի, Լիխտենշտեյնի, Ադրբեջանի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Ֆարերների, Անդորրայի եւ Սան Մարինոյի հավաքականները, որոնցից որեւէ մեկի հետ ՀՀ հավաքականը նույն խմբում չի ընդգրկվի: Դա նշանակում է, որ Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում Հայաստանին թույլ մրցակից բաժին չի հասնի:

Ամենաբարձր գործակիցն ունի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը (39,964), որը Գերմանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Անգլիայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հետ ընդգրկվել է առաջին զամբյուղում: Այս հավաքականները կգլխավորեն ընտրական 9 խմբերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4