«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2009-10-22 | #192, 2009-10-23 | #193, 2009-10-24


ԲՈՐԴՅՈՒԺԱՆ ՈՐԵՎԷ ՎՏԱՆԳ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՈՒՄԻՑ

«Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը չի կարող բացասաբար ազդել Հայաստանի եւ ՀԱՊԿ անդամ այլ երկրների հարաբերությունների վրա: «Երբ 2008-ին Հայաստանը նախագահում էր մեր կազմակերպությունում, այդ երկրի իշխանությունների կողմից կատարվել է հսկայական աշխատանք, եւ դա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը անչափ շահագրգռված է կազմակերպության հետ համագործակցությամբ», ասել է Բորդյուժան: Նա նաեւ ընդգծել է, որ հայ-թուրքական դրացիական հարաբերություններն էլ ավելի կօգնեն հաղթահարելու ճգնաժամային պահերը, լարվածությունը եւ կնպաստեն տարածաշրջանի երկրների խաղաղ զարգացմանը:

Բորդյուժան հայտարարել է նաեւ, որ անչափ կարեւոր է ռուս-բելառուսական, կամ ռուս-հայկական զինված համատեղ միավորումների օրինակով նման միավորում ստեղծել Կենտրոնական Ասիայում: Սակայն նա չի նշել, թե որքան ժամանակ կպահանջվի այդ նախագիծն իրականացնելու համար:

ՀԱՊԿ-ՆԱՏՕ հարաբերությունների մասին խոսելիս` Բորդյուժան ասել է, որ երկու կազմակերպությունների միջեւ որեւէ համագործակցություն չկա, «Ընդ որումՙ մեր բոլոր նման առաջարկություններն անտեսվել են ՆԱՏՕ-ի կողմից: Ես հույս ունեմ, որ այդ կազմակերպության ղեկավարության փոփոխությունից հետո մեր համագործակցությունն ավելի իրատեսական կդառնա», շեշտել է Բորդյուժան` հավելելով, որ մինչեւ այս պահը իրենք որեւէ նման առաջարկ Բրյուսելից չեն ստացել. «Մենք այլեւս չենք շահագործում այս հարցը. ժամանակին մեր արած առաջարկությունները բավական են», եզրափակել է Բորդյուժան:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4