Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մամեդյարովի ու Դավութօղլուի համատեղ ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել Բաքվի Շեհիդների պուրակում, Մամեդյարովը հայտարարել է. «Կհարուցվի քրեական գործ Բուրսայում ադրբեջանական դրոշի ոտնահարման համար, մենք հույս ունենք, որ մեղավորները կգտնվեն եւ կենթարվեն խիստ պատիժների»:
Իր հերթին Դավութօղլուն հույս է հայտնել, որ Բաքվի Շեհիդների պուրակում ադրբեջանական դրոշների կողքին նորից կտեղադրվեն թուրքական դրոշները. «Մենք եղել եւ մնում ենք եղբայրական ժողովուրդներ, «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը դեռ գոյատեւում է, կշարունակի գոյատեւել: Մեր բոլոր հոգսերն ու երջանկություններն ընդհանուր են», շեշտել է թուրք նախարարը:
Դավութօղլուի խոսքերովՙ Բուրսայում կատարվածը շահագրգռված կողմերի սադրանք է (փաստորեն թուրք նախարարը նկատում է, որ նախագահ Գյուլը կամ ենթարկվել է սադրանքների, կամ ինքն է հենց սադրիչը. չէ՞ որ հենց Գյուլի հրահանգով էր քաղաքապետը արգելել ադրբեջանական դրոշների մուտքը Բուրսայի մարզադաշտ-Հ.Ա.), որի նպատակն է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծել թշնամանք. «Բայց ոչ ոք չի կարող խոչընդոտել երկու եղբայրական ժողովուրդների բարեկամությանը», եզրափակել է Դավութօղլուն:
Հ. Ա.