«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2009-10-22 | #192, 2009-10-23 | #193, 2009-10-24


ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ

«Մենք դնելու ենք իշխանափոխության խնդիր: Այն շատ ավելի լայն պահանջ է, քան կոնկրետ հրաժարականի պահանջը: Քանի որ կուրսն է շեղված, պետք է փոխվի ամեն ինչ` թե՛ նախագահը, թե՛ կառավարությունը, թե՛ Ազգային ժողովը` բոլոր նրանք ովքեր առնչված են եղել այս արձանագրությունների մասով», ՀՅԴ քաղաքական պլատֆորմը ներկայացնելիս, անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին, ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը :

Դաշնակցական գործիչն առաջարկեց «իշխանափոխություն» արտահայատությունն ավելի լայն ընկալել, քան հանրապետության նախագահի հրաժարականը: Նրա խոսքերով` օր առաջ հրաժարականի մասին հայտարարելն ինքնանպատակ եւ դեկլարատիվ հայտարարություն է, եւ ՀՅԴ-ն այդ ճանապարհով չի գնա: «Մենք ավելի լավ է` հասունացնենք իշխանափոխությունը, քան ասենք` հրաժարական, անցնենք մի կողմ եւ մեր տանը նստենք», ասաց Ռուստամյանը:

Պատգամավորի խոսքերով, մինչ իշխանափոխություն պահանջելը ՀՅԴ-ն մտադիր է հասարակության առաջ հանդես գալ որպես իշխանափոխության լիարժեք այլընտրանք: «Դրա համար մենք հարթություն ենք մշակել, որն արտացոլում է մեր կուսակցության դիրքորոշումը մեր պետության կյանքի առանցքային ոլորտներում, ներառյալ արտաքին քաղաքական հիմնական խնդիրները, ներքին քաղաքականության սոցիալ-տնտեսական հարցերը», ասաց Ռուստամյանը: Նա նշեց, որ իշխանություններն առայժմ «ժողովրդի ձայնը լսելու եւ ստորագրված արձանագրությունները չվավերացնելու» հնարավորություն ունեն: «Դա ուժեղ կամքի ապացույց կլինի եւ ամբողջ աշխարհին ցույց կտա, որ չնայած ներքին տարաձայնություններին, հայերը միասնական են արտաքին քաղաքականության առանցքային հարցերում», ասաց պատգամավորը:

Ռուստամյանը նշեց, որ եթե արձանագրությունները վավերացվեն, դրվելու է իշխանափոխության հարցը: «Պետք է գա այն իշխանությունը, որ չեղյալ համարելու գործընթացից չվախենա ու գնա դրան: Նույն իշխանությունները չեն կարող դա անել, նոր իշխանությունները կարող են դա անել»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խմբ. կողմից. - Նկատի ունենալով, որ Դաշնակցությունը հեղափոխական կուսակցություն է, ապա կարելի է ակնկալել, որ խոստացվող իշխանափոխությունը կիրականացնի հեղափոխության ճանապարհով: Այդ դեպքում տեսնես ինչ են անելու ՀՅԴ-ին ուղեկից կամ կցորդՙ ոչ հեղափոխական կազմակերպություններն ու անհատները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4