«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2009-10-22 | #192, 2009-10-23 | #193, 2009-10-24


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի թիմային առաջնությունում: Տղամարդկանց հավաքականը 3-1 հաշվով պարտության մատնեց Դանիայի շախմատիստներին, իսկ հայ շախմատիստուհիները 2,5-1,5 հաշվով առավելության հասան Իտալիայի ընտրանու նկատմամբ:

Դանիացիների հետ մրցավեճում բացակայում էր Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը: Առաջին խաղատախտակը ներկայացնող Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Բո Լարս Հանսենի հետ: 2-րդ խաղատախտակի վրա Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Բերգ Սունե Հանսենի հետ: Մեր թիմի հաղթանակն ապահովեցին Արման Փաշիկյանն ու Տիգրան Պետրոսյանըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Լարս Շանդորֆին ու Վանգ Յակոբ Գլուդին:

Կանանց թիմի հաղթանակն ապահովեց 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը, որն առավելության հասավ Օլգա Զիմինայի նկատմամբ: Դանիելյան-Սեդինա, Գալոյան-Բրունելո, Աղինյան-Ամբրոսի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Տղամարդկանց մրցաշարում ամենաբարձր միջին վարկանիշն ունեցող Ռուսաստանի հավաքականին չհաջողվեց հաղթել 20-րդ վարկանիշն ունեցող խորվաթներին: Պյոտր Սվիդլեր-Հրվոջե Սթեւիչ, Եվգենի Տոմաշեւսկի-Մարին Բոսիոչիչ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Ռուսներից հաղթեց Ալեքսանդր Մորոզեւիչըՙ պարտության մատնելով Զդենկո Կոզուլին: Իսկ ահա Դմիտրի Յակովենկոն զիջեց Իվան Սարիչին: Գրանցվեց ոչ-ոքի, ինչն իհարկե ձեռնտու է Հայաստանի հավաքականի համար:

2-րդ վարկանիշն ունեցող Ադրբեջանի հավաքականը 3-1 հաշվով առավելության հասավ ավստրիացիների նկատմամբ: Թիմի հաղթանակն ապահովեցին Շահրիյար Մամեդյարովն ու Ռաուֆ Մամեդովը: Անհաջող մեկնարկեց Ուկրաինայի հավաքականըՙ 1,5-2,5 հաշվով պարտվելով շվեյցարացիներից: Իսպանացիները 3,5-0,5 հաշվով հաղթեցին լիտվացիներին: Հունգարացիները 4-0 հաշվով ջախջախեցին թուրքերին: Նույնպիսի հաշվով Հոլանդիան առավելության հասավ Ուելսի նկատմամբ: Վրացիները 2,5-1,5 հաշվով հաղթեցին ֆիններին:

Առաջին տուրից հետո 17 հավաքականներ վաստակել են 2-ական միավոր: Բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (4) առաջատարներն են Հունգարիայի եւ Հոլանդիայի հավաքականները: Հայաստանը 3 միավորով 8-րդ տեղում է: 2-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն ռումինացիների հետ, որոնք 3-1 հաշվով հաղթել են Բելգիայի հավաքականին:

Ի տարբերություն տղամարդկանց, Ռուսաստանի կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Իսպանիայի ընտրանու նկատմամբ: Վրաց շախմատիստուհիները 3-1 հաշվով հաղթեցին չեխերին: Մյուս հանդիպումների արդյունքներն ենՙ Ուկրաինա-Իսրայելՙ 3,5-0,5, Սերբիա-Չեռնոգորիաՙ 3,5-0,5, Խորվաթիա-Լեհաստանՙ 0-4, Ադրբեջան-Ֆրանսիաՙ 2-2, Գերմանիա-Ավստրիաՙ 3,5-0,5, Անգլիա-Բուլղարիաՙ 1,5-2,5, Բոսնիա-Հերցեգովինա-Հունգարիաՙ 1-3, Հոլանդիա-Մակեդոնիաՙ 3,5-0,5, Ֆինլանդիա-Սլովենիաՙ 0-4, Ռումինիա-Նորվեգիաՙ 4-0, Թուրքիա-Հունաստանՙ 0,5-3,5:

Կանանց մրցաշարում 13 հավաքականներ հաղթանակով մեկնարկեցին եւ ունեն 2-ական միավոր: Իսկ բոլոր պարտիաներում վաստակած միավորներով (14-ական) աղյուսակը գլխավորում են Լեհաստանի, Սլովենիայի ու Ռումինիայի հավաքականները: Հայաստանի ընտրանին 2,5 միավորով 12-րդ տեղում է: 2-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն Սլովենիայի հավաքականի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4