«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2009-10-23 | #193, 2009-10-24 | #194, 2009-10-27


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ. «ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ԷԼ ՄԵԿ ԱԶԳ ՉԵՆՔ ԵՂԵԼ»

Օրերս The Christian Science Monitor պարբերականում տեղ գտած հրապարակման մեջ նշվել է, որ չնայած Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց հետ կապված են ե՛ւ քաղաքական, ե՛ւ մշակութային, իսկ վերջերս էլ նաեւ էներգետիկ ոլորտերով, սակայն «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը ենթարկվում է լուրջ փորձության հոկտեմբերի 10-ի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: «Ադրբեջանն ամեն գնով ցանկանում է հայ-թուրքական օրակարգ մտցնել Ղարաբաղի հարցը, իսկ սրանից աճում է լարվածությունը Բաքվի եւ Անկարայի միջեւ, որի հետեւանքով Ադրբեջանը կարող է հրաժարվել Թուրքիայի հետ էներգետիկ «ձուլումից»: Սա հիմնականում վերաբերում է «Նաբուկկո» գազային նախագծին, որտեղ Բաքուն կարող է հրաժարվել Թուրքիայի «ծառայություններից», գրում է թերթը, «միեւնույն ժամանակ Թուրքիան ձգտում է կարգավորել պատմական խնդիրները «հայ հարեւանի» հետ` ստեղծելով այլ խնդիրներ մյուս հարեւանի հետ հարաբերություններում, իսկ վերջինս կունենա անպայման իր բացասական էներգետիկ հետեւանքները Եվրոպայի համար»:

Նույն թեմայով ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը հայտարարել է, որ եթե «Նաբուկկո» նախագծի շահագրգիռ կողմերը «գրավյալ տարածքները» վերադարձնելու համար ճնշում գործադրեն Հայաստանի վրա, ապա ադրբեջանա-թուրքական ներկա լարվածությունը կընկալվի որպես «ընդամենը էպիզոդ` եղբայր ժողովուրդների համար»:

Իսկ Ալիեւ հոր նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն հայտարարել է. «Ադրբեջանը հայ-թուրքական սահմանի բացումն ընդունում է որպես դավաճանություն` Թուրքիայի կողմից, Թուրքիան տարածաշրջանում մեր գլխավոր գործընկերն է, մինչդեռ հայերը մեր թշնամիներն են»: Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան միշտ պաշտպանելու է Ադրբեջանի շահերը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ պահելու է նրա «գրավյալ տարածքները» վերադարձնելու ուղղությամբ ջանքեր կատարելու խոստումը, Գուլուզադեն լուրջ չի համարում. «Դրանք ընհամենը բառեր են, իսկ մեզ անհրաժեշտ է ինչ-որ իրական բան»:

Միեւնույն ժամանակ Անկարայի Միջինարեւելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Հուսեին Բաղչին , «հանգստացնելով խռոված եղբայրներին», ասել է. «Ադրբեջանցիները պետք է հասկանան, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները կարող են սկսվել միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո: Իսկ ինչ վերաբերում է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին, ապա ես դա համարում եմ ազգայնամոլական. դա ընդունված է միայն լսել, սակայն իրականությունն այն է, որ մենք երբեք էլ մեկ ազգ չենք եղել»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4