«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2009-10-23 | #193, 2009-10-24 | #194, 2009-10-27


ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶՐԿԵՑԻՆ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԻՑ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրում էլ Հայաստանի հավաքականները հաղթեցին: Տղամարդիկ 2,5-1,5 հաշվով առավելության հասան ռումինացիների նկատմամբ, կանայք հաղթեցին Սլովենիայի հավաքականին (3-1): Առաջին անգամ մրցաշարում խաղասեղանի շուրջը նստեց Լեւոն Արոնյանը, որը հաղթեց Անդրեյ Իստրատեսկուին: Այդ հաղթանակն էլ ապահովեց մեր թիմի ընդհանուր հաջողությունը, քանի որ մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Հակոբյանն ու Նիսիպեանուն, Սարգսյանն ու Նեւեդնիչնին, Փաշիկյանն ու Սաբոն:

Կանանց պայքարում հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանըՙ պարտության մատնելով համապատասխանաբար Աննա Մուզիչուկին եւ Աննա Սրեբրնիչին: Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Անդրեասյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Յան Կրիվեցի եւ Վեսնա Ռոզիչի հետ:

3-րդ տուրում հայ շախմատիստներն անսպասելիորեն զիջեցին Սերբիայի առաջին հավաքականին (1,5-2,5): Առաջին խաղատախտակի վրա Արոնյանը կրկին հաղթեցՙ առավելության հասնելով Իվան Իվանիշեւիչի նկատմամբ: Իսկ ահա նրա խաղընկերներն անհաջող հանդես եկան: Սարգսյանը զիջեց Դրագան Սոլակին, Փաշիկյանը պարտվեց Ռոբերտ Մարկուսին: Պետրոսյան-Պերունովիչ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Իսկ ահա հայ շախմատիստուհիները շարունակեցին հաղթարշավըՙ 3-1 հաշվով պարտության մատնելով լեհերին: Առաջին 3 խաղատախտակների վրա մերոնք հաղթեցին: Դանիելյանը շահեց մրցավեճը Մոնիկա Սոչկոյից: Մկրտչյանը հաղթեց Իվետա Ռայլիխին, Գալոյանն էլ պարտության մատնեց Յոլանտա Զավադսկային: Իսկ ահա Նելլի Աղինյանը պարտվեց Ջոանա Դվորակովսկայային:

4-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը վրեժխնդիր եղավ Սերբիայի 2-րդ հավաքականիցՙ հաղթելով 3-1 հաշվով: Այս անգամ Լեւոն Արոնյանը Իգոր Միլադինովիչի հետ մրցավեճում բավարարվեց ոչ-ոքի արդյունքով: Հաշտություն կնքեցին նաեւ Փաշիկյանն ու Սլավիսա Բրենջոն: Հակոբյանը հաղթեց Նիկոլա Սեդլակին, Պետրոսյանն էլ առավելության հասավ Միլոշ Ռոգանովիչի նկատմամբ:

Ցավոք Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ տուրում անդրանիկ պարտությունը կրեց: Մրցակիցը Վրաստանի ուժեղ հավաքականն էր: Դա երկու առաջատարների մրցավեճ էր, որում 2,5-1,5 հաշվով հաղթեցին վրացիները: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Սիրանուշ Անդրեասյանըՙ առավելության հասնելով Բելա Խոթենաշվիլու նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց Սոֆիկո Խուխաշվիլու հետ, իսկ Դանիելյանն ու Գալոյանը պարտվեցին համապատասխանաբար Նանա Ձագնիձեին ու Նինո Խուրցիձեին:

Այսպիսով, 4 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 6 միավորով 7-րդ տեղում էր: 8-ական միավորով առաջատարներն էին Վրաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Կանանց մրցապայքարում Հայաստանը 6 միավորով 6-րդ տեղում էր: Առանց միավորի կորստի էր ընթանում միայն Վրաստանի հավաքականը, որը հաղթել էր 4 մրցախաղերում էլ: 7-ական միավոր ունեին Ադրբեջանի եւ Ուկրաինայի հավաքականները:

5-րդ տուրում հայ շախմատիստները հանդիպեցին ֆրանսիացիների հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Արոնյանը պարտվեց Բաքրոյին, Հակոբյանը հաշտություն կնքեց Ֆրեսինեի հետ, Սարգսյանը հաղթեց Էդուարդին, Պետրոսյան-Ֆելեր պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ տուրում մրցում էր ադրբեջանցիների հետ: Այստեղ եւս գրանցվեց ոչ-ոքի: Բոլոր պարտիաներում մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին: Դանիելյան-Զեյնաբ Մամեդյարովա, Մկրտչյան-Կազիմովա, Անդրեասյան-Իսկանդարովա, Աղինյան-Թուրքան Մամեդյարովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4