«Արարատը» հրաժեշտ կտա բարձրագույն խմբին
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը պարուրած մշուշը գրեթե ամբողջությամբ ցրվեց: Այսօր արդեն մեծ հավանականությամբ կարելի է պատասխանել մարզասերներին հուզող բոլոր հարցերին: Նախ, որքան էլ որ ցավալի է, «Արարատը» ստիպված կլինի հրաժեշտ տալ բարձրագույն խմբին (գուցե ՀՖՖ-ն հաշվի առնելով հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակրի նախկին նվաճումները, այնուամենայնիվ, թիմին թույլատրի հանդես գալու ուժեղագույնների խմբում, ինչպես տարիներ առաջ վարվեց «Շիրակի» հետ): «Փյունիկը» 9-րդ տարին անընդմեջ կնվաճի երկրի չեմպիոնի տիտղոսը: Փյունիկցիները իրենց հերթական չեմպիոնությունը կգրանցեն հաջորդ տարումՙ Գյումրիում «Շիրակի» հետ կայանալիք խաղում: Արծաթե մեդալները կնվաճի «Միկան», իսկ բրոնզե պարգեւներին ամենայն հավանականությամբ կտիրեն ուլիսցիները:
Առաջնության 26-րդ տուրում մեդալների հավակնող չորս թիմերից հաղթանակ տոնեց միայն «Փյունիկը»ՙ սեփական հարկի տակ պարզապես ջախջախելով «Գանձասարին» (7-0): Առաջնության վերջնագծում փյունիկցիների նշանառությունը կարծես վերջապես վերականգնվել է: Վերջին 3 խաղում չեմպիոնը 16 գոլ է խփելՙ սեփական դարպասը թողնելով անառիկ: «Փյունիկը» կրկնեց «Միկային» պատկանող այս տարվա ամենախոշոր հաշվի ռեկորդը, որը սահմանվել էր օգոստոսի 2-ին «Շիրակի» հետ խաղում: Իսկ «Գանձասարը» բարձրագույն խմբում իր ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց: Նախկինում կապանցիները 1-7 հաշվով պարտվել էին «Բանանցին»: «Գանձասարի» հետ խաղում փյունիկցիներից 2-ական գոլ խփեցին Մարկոսը, Ալբերտ Թադեւոսյանն ու Սարգիս Հովսեփյանը (երկուսն էլՙ 11 մ հարվածով), մեկ անգամ էլ աչքի ընկավ Գեւորգ Ղազարյանը:
Տուրի կենտրոնական հանդիպումը «Ուլիսի» եւ «Միկայի» մրցավեճն էր: Չեմպիոնական մրցավազքը շարունակելու համար «Միկային» հաղթանակ էր անհրաժեշտ: «Ուլիսին» էլ 3 միավորը հույժ կարեւոր էր 3-րդ տեղում ամրապնդվելու համար: Այնպես որ, հաղթանակի գինը շատ բարձր էր: «Միկան» այդ խաղում չկարողացավ իր որակները դրսեւորել: Իսկ ահա «Ուլիսը» Հրայր Մկոյանի եւ Արթուր Քոչարյանի խփած գոլերի շնորհիվ խաղը շահում էր 2-0 հաշվով: Ի պատիվ «Միկայի», թիմին հաջողվեց խուսափել պարտությունից: Նարեկ Բեգլարյանի եւ Ալեքսի գոլերը փրկեցին թիմին: Ալեքսի գոլից հետո խաղադաշտում կրքերը բորբոքվեցին եւ մրցավար Արարատ Ճաղարյանը միանգամից 3 ֆուտբոլիստիՙ ուլիսցիներ Կարեն Մուրադյանին, Արթուր Քոչարյանին եւ «Միկայի» պաշտպան Ալեքսին հեռացրեց խաղադաշտից: «Միկան» թանկարժեք 2 միավոր կորցրեց եւ այժմ «Փյունիկից» 5 միավորով հետ է մնում: Մյուս կողմից, «Միկան» իր համար արդեն ապահովել է 2-րդ տեղը:
Բրոնզե մեդալներին հավակնող «Բանանցին» «Արարատի» հետ խաղում միայն հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն չստացվեց: Գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: Հաշիվը բացեց «Բանանցի» հարձակվող Արսեն Բալաբեկյանը, հավասարակշռությունը վերականգնեց արարատցի Ռոման Հարկուշան: Այժմ շատ բան կարող է որոշել հաջորդ տուրում կայանալիք «Բանանցի» եւ «Ուլիսի» մրցավեճը: Եթե «Բանանցը» չհաղթի, ապա կզրկվի բրոնզե մեդալներից:
Բարձրագույն խմբում իր տեղը պահպանեց «Կիլիկիան»ՙ սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելով «Շիրակին»: Դաշտի տերերից աչքի ընկան Սարգիս Մովսիսյանն ու Կարեն Խաչատրյանը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 26 | 18 | 5 | 3 | 57-12 | 59 |
2. Միկա | 26 | 17 | 4 | 5 | 57-29 | 55 |
3. Ուլիս | 26 | 14 | 5 | 7 | 41-21 | 47 |
4. Բանանց | 26 | 13 | 4 | 9 | 37-25 | 43 |
5. Գանձասար | 26 | 11 | 2 | 13 | 22-42 | 35 |
6. Շիրակ | 26 | 5 | 8 | 13 | 22-48 | 23 |
7. Կիլիկիա | 26 | 5 | 4 | 17 | 20-48 | 19 |
8. Արարատ | 26 | 1 | 8 | 17 | 15-49 | 11 |
Ռմբարկուները
Արթուր Քոչարյան | «Ուլիս» | 14 |
Բոտի Դեմել | «Միկա» | 13 |
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 11 |
Սամվել Մելքոնյան | «Բանանց» | 11 |
Արամ Ոսկանյան | «Միկա» | 10 |
Արտյոմ Ադամյան | «Ուլիս» | 9 |
Արսեն Ավետիսյան | «Գանձասար» | 9 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ