Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականները շարունակում են տխուր ռեկորդներ սահմանել ու գցել առանց այն էլ ցածր վարկանիշ ունեցող հայկական ֆուտբոլի հեղինակությունը: Մինչեւ 17 տարեկանների հավաքականը Ռուսաստանի ընտրանուց 0-19 հաշվով կրած պարտությամբ սկսեց իր ելույթները Սերբիայում մեկնարկած Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Միայն նշենք, որ կրկին մեր հավաքականը Սերբիա էր մեկնել առանց գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանի, քանի որ վերջինս մնացել էր Երեւանում գլխավորելու ազգային հավաքականը Իտալիայի ընտրանու հետ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Նույն օրը` հոկտեմբերի 24-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը Երեւանում հյուրընկալել էր իտալուհիներին: Այդ խաղում էլ գրանցվեց խոշոր հաշիվ. հյուրերը հաղթեցին 8-0 հաշվով: Ընտրական 7-րդ խմբում անցկացված 2 հանդիպումներում էլ մեր հավաքականը պարտվել է (առաջին խաղում Երեւանում մերոնք 0-4 հաշվով զիջել էին ֆիններին): Հաջորդ խաղը մեր ֆուտբոլիստուհիները կանցկացնեն վաղը` «Հանրապետականում» հյուրընկալելով Սլովենիայի հավաքականին: Վերջինս սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել է ֆիններին ու Հայաստանի հավաքականի պես 2 հանդիպումներում դեռեւս միավոր չի վաստակել ու գոլ չի խփել:
Բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում կանանց ֆուտբոլ գրեթե գոյություն չունի, առաջնություն չի անցկացվում, մարզաձեւի զարգացման հեռանկարներ էլ չկան: Բայց դա ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի պահանջն է, որ յուրաքանչյուր ֆուտբոլային երկիր պետք է կանանց ֆուտբոլ ունենա: Միջազգային ֆեդերացիաները մարզաձեւը զարգացնելու նպատակով նաեւ ֆինանսական միջոցներ են հատկացնում ազգային ֆեդերացիաներին, հոգում ընտրական մրցաշարերի մասնակցության ծախսերը: Սակայն Հայաստանում կանանց ֆուտբոլը հեռանկար չունի: Եվ ամեն տարի մեր հավաքականները խայտառակ պարտություններ են կրում ընտրական մրցաշարերում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ