«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2009-10-24 | #194, 2009-10-27 | #195, 2009-10-28


«ՀԱՅԱՍՏԱՆԸ, «ՑԱՏԿԵԼՈՎ ԴԵՊԻ ԳԼՈԲԱԼ ԱՇԽԱՐՀ», ԿԴԱՌՆԱ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ»

«Հայ-թուրքական սահմանի բացումը եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը զգալի փոփոխություններ կմտցնի Հայաստանի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական կյանքում», երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը :

Ըստ բանախոսի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը կամրապնդեն Հայաստանի անկախությունը. «Այսօր Հայաստանն ունի ընդամենը մի ռազմավարական գործընկեր` Ռուսաստանը, որի հետ չունենք, սակայն, ընդհանուր սահման, իսկ տարանցիկ Վրաստանն ու Ադրբեջանը հայտնի պայմաններով չեն կարող «միացնել» մեզ Ռուսաստանի հետ,- շարունակելով` պարոն Քեռյանը նկատեց,- Թուրքիայի հետ հարաբերություններով մենք նոր դուռ ենք բացում եւ ունենում ենք ընտրության հնարավորություն: Այս ամենը կբերի նրան, որ Հայաստանը գավառական անհրապուրիչ երկրից կդառնա տարարածաշրջանի համար կարեւոր եւ Կովկասի երկրների առաջնորդ»:

Միեւնույն ժամանակ, ըստ Քեռյանի, Թուրքիան երբեք չի կարող մեզ համար փոխարինել Ռուսաստանին. «Հայ-թուրքական հարաբերություններն ընդամենը հավասարակշռություն կմտցնեն այստեղ, բայց երբեք պետք չէ նվազեցնել Ռուսաստանի հետ մեր գործընկերության չափը»:

Սահմանի բացմամբ, Քեռյանի վկայությամբ, շահագրգռված է ամբողջ աշխարհը, քանի որ վերջինս մեծ հետաքրքրություններ ունի միջինասիական էներգակիրների նկատմամբ եւ ուղիներ է փնտրում դրանք մասնավորապես Եվրոպա բերելու համար: «Այդ ճանապարհի Վրաստանով անցնելուն դեմ է Ռուսաստանը, Իրանի տարբերակը բացառվում է ԱՄՆ-ի պատճառով, մնում է միայն Ադրբեջան-Ռուսաստան-Եվրոպա ճանապարհը, կամ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա տարբերակը, կարծում եմ` անիմաստ է նշել, թե որ տարբերակն է ավելի շատ բխում մեր շահերից», ասաց պարոն Քեռյանը:

Անդրադառնալով իր մտահոգություններին` կապված հայ-թուրքական մերձեցման հետ, բանախոսը դրանք բաժանեց չորս խմբերի: Հայաստան-Թուրքիան նորմալ հարաբերությունների «ամենաոխերիմ ընդդիմադիր» Ադրբեջանը Ղարաբաղի հարցում այլեւս Թուրքիայի օգնությունը չստանալու դեպքում, ըստ քաղաքագետի, թեքվելու է դեպի ռուսական կողմ` առաջացնելով որոշ անհամաձայնություններ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: «Երկրորդ մտահոգությունս կապված է Իրանի դիրքորոշման հետ: Այնտեղ կարող են այնքան էլ ուրախ չլինել Թուրքիայի հետ մեր լավ հարաբերություններից, քանի որ, ի տարբերություն Թուրքիայի, Իրանն ունի ընդգծված հակաարեւմտյան քաղաքական կողմնորոշում: Հաջորդ մտահոգությունս կապված է հայ-վրացական հարաբերությունների հետ, սա էլ ավելի կսառեցնի դրանք, բայց մյուս կողմից էլ դեպի «դուրս» ունենալով մի քանի ելք` մենք կարող ենք Վրաստանի առջեւ հարցեր դնել, օրինակ, Ջավախքի վերաբերյալ: Վերջին մտահոգությանս պատճառը այն է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը, բացելով սահմանները, հանկարծ չհայտնվեն անախորժ իրավիճակում»:

Ինչ վերաբերում է սահմանի բացումից հետո ներքաղաքական զարգացումներին, ապա, բանախոսի վկայությամբ, Արեւմուտքում անհամեմատ կբարձրանա նախագահ Սարգսյանի վարկանիշը` Հայաստանի «ցատկը գլոբալ աշխարհ» ապահովելու համար:

Հաջորդ հնարավոր զարգացումներից պարոն Քեռյանը նշեց սոցիալական լարվածության առաջացումը երկրում, իսկ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ իշխանական կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների վերաբերյալ ասաց. «Բացի Հանրապետական կուսակցությունից, մնացած երկուսը ոչ հստակ դեմ են, ոչ հստակ կողմ, իսկ արմատական ընդդիմությունը, կոնկրետ` ՀԱԿ-ը սպասողական վիճակի մեջ է, քանի որ ասելու բան էլ չունի»:

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների ամենացավոտ հարցի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանախոսը հետեւյալ կերպ արտահայտվեց. «Ըստ էության Եղեռնը միջազգային մակարդակով ճանաչվել է, մնում է միայն Թուրքիան ճանաչի: Բայց այսպիսի մի բան ասեմ. մենք այժմ խոսում ենք Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայի կոտորածի ու տեղահանման մասին, իսկ երբեւէ մտածե՞լ ենք, թե Հայաստանի տնտեսական շրջափակման հետեւանքով քանի միլիոն հայ է մեկնել երկրից` վատ ապրուստի պատճառով»: Ըստ բանախոսի` «հայրենասիրական դաշնակցական երգերով այլեւս հնարավոր չէ դժգոհ ժողովրդին պահել երկրում. «Դրա համար մենք պետք է առաջին հերթին տնտեսական աճ ապահովենք, եւ իրավունք ունենք ցեղասպանությունը, հանուն մեր ազգային անվտանգության, որոշ ժամանակով հետին պլան մղել: Կրկնում եմ. Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը բխում է մեր ազգային շահից, եւ սփյուռքի` հակառակ կարծիքն ունեցող մեր հայրենակիցները դա պետք է հասկանան»:

Վերջում պարոն Քեռյանը հանդես բերեց իր հետաքրքրական տրամաբանությունը. «Թուրքիան ինքն է փակել մեր սահմանը` Ադրբեջանի «տարածքները» Հայաստանի կողմից զավթելու պատճառով ճանաչելով մեզ «ագրեսոր», իսկ հիմա Ղարաբաղի հարցը լուծված չէ, բայց Թուրքիան սահմանները բացող փաստաթուղթ է ստորագրում մեզ հետ. չի՞ նշանակում դա արդյոք, որ Թուրքիան Հայաստանին այլեւս չի համարում Ադրբեջանի «տարածքները» գրաված «ագրեսոր»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4