Աշխարհի բնակչության ավելի քան յոթից մեկը միգրանտ է, եւ նրանց մեծամասնությունը` ավելի քան 700 մլն մարդ, ներքին միգրանտներ են, իսկ ավելի քան 200 մլն-ը` միջազգային: Միջազգային միգրանտների մոտ 70 միլիոնը զարգացող երկրից տեղափոխվում են զարգացած երկիր, սակայն միջազգային միգրանտների մեծամասնությունը մեկ զարգացող երկրից տեղափոխվում է մեկ այլ զարգացող երկիր: Նրանց կեսը տեղափոխվում է իրենց տարածաշրջանի երկրներ եւ մոտ 40 տոկոսը` հարեւան երկիր:
Միջազգային միգրանտների 48 տոկոսը կանայք են, ընդ որում այս թիվը բավական կայուն կերպով պահպանվել է վերջին հինգ տասնամյակների ընթացքում` 1960-ին կազմում էր 47 տոկոս:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը երեկ ներկայացրեց միգրացիոն խնդիրներին վերաբերող իր զեկույցը: «Հաղթահարելով խոչընդոտները. մարդկային շարժ եւ զարգացում» վերնագիրը կրող զեկույցը ներկայացրին Երեւանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելո Վիդալը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ նույն նախարարության կազմի մեջ մտնող միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Տիկին Վիդալը իր խոսքում նշեց, որ զեկույցը ցույց է տալիս միգրացիայի զարգացման դերը մարդկային զարգացման գործում եւ կառավարություններին տեղեկություններ է տալիս այս ներուժը լիովին օգտագործելու համար: «Միգրացիան չի կարող փոխարինել աղքատության կրճատմանն ու զարգացման ամրապնդմանն ուղղված տեղական համալիր ծրագրերին: Այդ իսկ պատճառով կառավարությունները պետք է մեծացնեն միգրացիայից ստացվող օգուտները` նպատակաուղղելով մարդկային շարժն ազգային զարգացմանն ու աղքատության նվազեցմանն ուղղված ռազմավարությունների մշակմանը», ասաց տիկին Վիդալը:
ՀՀ կառավարության անունից բարձր գնահատելով զեկույցը` փոխնախարար Տերտերյանը հույս հայտնեց, որ այն կօգնի կառավարությանը լուծել միգրացիոն խնդիրները:
Տիկին Դավթյանն ավելի մանրամասն ներկայացնելով զեկույցըՙ դրա գլուխներն ու առանձին կետերը ներկայացրեց հայաստանյան իրականության համար: Ըստ այդմ Հայաստանում արտագաղթի մակարդակը 20,3 տոկոս է. «Ընդ որում վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 1 մլն մարդ,- ասաց տիկին Դավթյանը` շարունակելով,- մեր միգրանտների 2/3-րդը ընտրում է Ռուսաստանը, 9 տոկոսը մեկնում է ԱՊՀ այլ երկրներ, 15 տոկոսը` Եվրոպա եւ 10 տոկոսը` ԱՄՆ: Պետք է նկատել, որ, եթե նախկինում հայ միգրանտների մեկնման հիմնական պատճառը աշխատանք չունենալն էր, ապա այժմ նրանք ավելի շատ մեկնում են ցածր աշխատավարձի պատճառով»:
Իսկ Հայաստանում, զեկույցի համաձայն, ունենք 492 հազար միգրանտներ, որոնք կազմում են երկրի բնակչության 16,1 տոկոսը: «Ադրբեջանից Հայաստան են եկել շուրջ 360 հազար փախստականներ, որից 160 հազարը Հայաստանից էլ են գնացել: Իսկ հայ-ադրբեջանական պատերազմի հետեւանքով Հայաստանում ներքին միգրանտների թիվը, երբ երկրի սահմանամերձ շրջաններից գալիս են կենտրոնական շրջաններ, կազմել է 72 հազար մարդ», ասաց տիկին Դավթյանը:
Զեկույցում տեղ գտած «Շատ բարձր մարդկային զարգացման» ցուցանիշներով, որը ցույց է տալիս, որ մարդկային զարգացման ավելի բարձր դասակարգման երկրների բնակչությունը ավելի է կրթված, ավելի երկար է ապրում եւ ավելի շատ է վաստակում, Հայաստանը 182 երկրների մեջ 84-րդ տեղում է: Մեր երկրի համար սահմանված է 0,798 գործակիցը, որը վերջին տվյալների համեմատ աճել է 0,023 միավորով: Այս բարելավումը հիմնականում գրանցվել է ի հաշիվ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի թվի մեծացման:
Հայաստանն առաջին տեղում է «միջին մարդկային զարգացում» ունեցող երկրների շարքում, մեզ հաջորդում են Ուկրաինան եւ Ադրբեջանը: Իրանն ու Վրաստանը համապատասխանաբար գրավում են 88-րդ եւ
89-րդ տեղերը, իսկ Ռուսաստանն ու Թուրքիանՙ համապատասխանաբար 71-րդ եւ 79-րդ տեղերում են:
Զեկույցի վերջում միգրանտների շարժերն ավելի հեշտացնելու եւ հյուրընկալող երկրում նրանց կյանքն ու աշխատանքը կազմակերպելու նպատակով, հեղինակները հանդես են գալիս առաջարկություններով եւ առաջարկում են բարեփոխումների մի հիմնական փաթեթ, որի վեց հիմնադրույթները կոչ են անում. «Բացել առկա մուտքի ուղիներն ավելի մեծ թվով աշխատողների, հատկապես ցածր որակավորում ունեցողների համար: Ապահովել միգրանտների հիմնական իրավունքներն ու ծառայությունները, սկսած կրթությունից, առողջապահությունից, մինչեւ ձայնի իրավունք: Նվազեցնել պահումները միգրացիոն գործարքներից: Գտնել համատեղ լուծումներ, որոնցից կշահեն ե՛ւ հյուրընկալող երկիրը, ե՛ւ միգրանտները: Դյուրին դարձնել ներքին միգրացիան, եւ վեցերորդ` ներառել միգրացիան` որպես սկզբնական երկրների զարգացման հայեցակարգերի բաղադրիչ»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ