Այս տարի ամռանը իտալացի մասնագետներն ավարտեցին Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումը: Աշխատանքն ընթացավ երեք փուլով, յուրաքանչյուրը տեւեց 5-6 օր: Աշխատանքների ավարտից հետո ՀՀ մշակույթի նախարարության եւ իտալական կողմի միջեւ բանավոր համաձայնություն է կայացել Մինասի եւս մի, հավանաբար «Հայաստան» որմնանկարի վերականգնման համար:
«Բանավոր համաձայնությունը ձեռք է բերվել, սակայն վերականգնման համար անհրաժեշտ միջոցները դեռեւս չկան», «Ազգ» -ի հետ զրույցում տեղեկացրեց մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը :
Մինասի «Հայաստանը» գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում: Այն 1988-ի Սպիտակի երկրաշարժից ավերված նախկին մշակույթի տան շենքի պատին է, որը հրաշքով պահպանվել է: Որմնանկարն այժմ ծածկված է սարկոֆագով, որը տեղադրվել է ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հրահանգով:
Մշակույթի նախարարի խորհրդականի խոսքով, որմնանկարը, որ Մինասը ստեղծել է 1973 թվականին, ավելի շատ ժամանակ եւ միջոցներ կպահանջի վերականգնման համար, քան «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը: Այն ե՛ւ չափով, ե՛ւ պահպանվածության մակարդակով խիստ տարբերվում է արդեն վերականգնված որմնանկարից:
«Անհրաժեշտ միջոցների հայթայթման դեպքում, իտալացի մասնագետների խոսքով, վերականգնողական աշխատանքները կընթանան երեք փուլով, յուրաքանչյուրը 10-12 օր», տեղեկացրեց Սոնա Հարությունյանը:
Հայաստանում պահպանվել է Մինասի 11 որմնանկար, մեծ մասըՙ Գյումրիի նախկին Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանի պատին եւ Շիրակի մարզի Վահրամաբերդ ու Ազատան գյուղերում: Բոլոր որմնանկարներն էլ որոշակիորեն վնասվել են 1988 երկրաշարժից, եւ վերականգնման անհրաժեշտություն կա:
Ն. ՊԵՏՐՈՍՅԱՆ