Ավստրիան եւ հատկապես Վիեննան հայտնի են իրենց սրճարաններով: Անցյալ 300 տարիներին այդ սրճարաններն իրենց կնիքն են դրել ժամանակակից մշակույթի վրա, քանի որ սրճարաններում են մեկտեղվել ժամանակի փիլիսոփաներն ու երաժիշտները, գիտնականներն ու նկարիչները: Եվ առաջին հայացքից խիստ վիեննական թվացող այդ իրականությունն անմիջականորեն կապված է հայկականի հետ: Չէ՞ որ սուրճը, որի շուրջը զրուցում էր մտավորականությունը, առաջին անգամ Ավստրիա է ներմուծել պոլսահայ Յոհաննես Դիոդաթոն: Իրական ու կատակային այս պատմությամբ է սկսվում հայ-ավստրիական «Վիեննան ողջունում է Երեւանին» երաժշտական փառատոնի գեղարվեստական տնօրեններ Աննա Մարիա Փամմերի (սոպրանո) եւ Գոթբիլդ Վալլիշի (դաշնամուր) ուղերձը փառատոնի մասնակիցներին: Իսկ փառատոնը, որ կանցնի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մինչեւ նոյեմբերի 1-ը, ներառում է 5 համերգՙ հայ եւ ավստրիացի կատարողների մասնակցությամբ:
«Երկու տարի առաջ հրավիրված էի մասնակցելու Աննա Մարիա Փամմերի համերգին եւ ոգեշնչված նրա բարձրակարգ կատարումներով, որոշեցի կազակերպել հայ-ավստրիական երաժշտական փառատոն», ասուլիսում տեղեկացրեց փառատոնի տնօրեն, կոմպոզիտոր Ժան Սարգսյանը :
Փառատոնի մյուս գեղարվեստական տնօրենի, սոպրանո Աննա Մարիա Փամմերի կարծիքն էլ հետեւյալն է.«Հայ-ավստրիական փառատոնը նշանակալի դեր կարող է խաղալ հայկական եւ ավստրիական ժամանակակից դասական երաժշտության զարգացման հարցումՙ ներկայացնելով երկու մայրաքաղաքներն ու ժողովուրդները մեկ երաժշտական դաշտում»:
«Ավստրիայում մեծագույն լրջությամբ են վերաբերվում այս ծրագրին, եւ վստահ եմ, որ փառատոնը շարունակական կլինի», վստահեցրեց Գոթբիլդ Վալլիշը:
Հանրահայտ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն էլ, ում գործը փառատոնի շրջանակներում կկատարի Աննա Մարիա Փամմերը, նշեց. «Վիեննան երաժշտական աշխարհի դրախտն է: Եվ եթե ճանաչում ես ձեռք բերել աշխարհում, բայց չես ընդունվել Վիեննայում, ապա մտածելու տեղ ունես»: Փառատոնի շրջանակներում հնչելու են ոչ միայն հայ եւ ավստրիացի կոմպոզիտորների դասական, այլեւ ժամանակակից գործեր Աննա Մարիա Փամմերի, Գոթբիլդ Վալլիշի, Գայանե Գեղամյանի (սոպրանո), Աննա Մանդալյանի (դաշնամուր), Սուրեն Խորոզյանի (կլառնետ), Վիեննայի «Արոն» կվարտետի կատարմամբ: Ծրագրում ներառված են կոմպոզիտորներ Ժան Սարգսյանի, Տիգրան Մանսուրյանի, Բալդուին Սուլցեռի, Ռայներ Բիշոֆի, Սեբաստիան Թեմզելի գործերից:
Ն. Պ.