Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:
Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Եվրոմիության հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը` նշելով, որ դա Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է: Քննարկվել են «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակում «Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի» կնքմանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանը վերաբերող հարցեր:
Պիտեր Սեմնեբին բարձր է գնահատել Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության մակարդակը եւ իրականացվող բարեփոխումների ծրագիրը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրին:
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը եւ ստորագրված արձանագրությունների վավերացմանը: Պիտեր Սեմնեբին կրկնել է ԵՄ դիրքորոշումն այս հարցում` ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
Ն. Մ.