«Մեր թերթն անկախ եւ ոչ կուսակցական թերթ է, որը 1997-ից լույս տեսնելով Ամերիկայի արեւելյան ափին, այժմ արդեն ներկայացված է Կալիֆոռնիայում, իսկ հոկտեմբերից մենք որոշեցինք թերթի խմբագրությունը տեղափոխել Երեւան», երեկ «Ուրբաթ» մամուլի ակումբում ներկայացավ Armenian Reporter անգլիալեզու թերթի գլխավոր խմբագիր Վինսենթ Լիմանը : Թերթի խմբագիր, Վաշինգտոնի լուրերի պատասխանատու Էմիլ Սանամյանը հավելեց, որ Հայաստանի համար անչափ կարեւոր է հայկական մամուլի ներկայությունը ԱՄՆ մայրաքաղաքում. «Քանի որ Վաշինգտոնը այն քաղաքն է, որտեղ նաեւ Հայաստանի համար ընդունվում են կարեւոր որոշումներ», ասաց պարոն Սանամյանը:
Էմիլ Սանամյանը շեշտեց, որ ամերիկահայերի համար կարեւորագույն հայկական հարցը եղել եւ մնում է ցեղասպանությունը. «Շատ ամերիկահայեր, մեծ մասամբ զգացմունքային կողմնորոշումներով, բացասաբար են տրամադրված արձանագրությունների հանդեպ, եւ չեն տեսնում, թե ինչպես սա կարող է օգնել հենց նույն սփյուռքին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք գիտակցում են, որ եթե Հայաստանը հզորանա, դա իր դրական արտացոլումը կունենա նաեւ սփյուռքի վրա: Գրեթե բոլորը գտնում են, որ սա Հայաստանի ներքին քաղաքական հարց չէ, եւ երբ հայտնում են իրենց անվստահությունը, դա վերաբերում է ոչ թե մեր իշխանություններին, այլ Թուրքիային, քանի որ չեն հավատում, որ վերջինս հավատարիմ կմնա իր իսկ ստորագրությանը», ասաց Սանամյանը, որը հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված առանձնացրել է կարծիքների երեք խումբ: Առաջին խմբում, ըստ բանախոսի, հայտնվել են Թուրքիայի իշխանությունները, Վաշինգտոնում գործող իրենց լոբբիստներով. «Սրանք վերապահումներով ընդունելով Հայաստան-Թուրքիա հաշտեցումը, կողմ են արձանագրություններին, քանի որ դա օգնում է նրանց ցեղասպանության ժխտման ճանապարհին: Երկրորդ խմբում ԱՄՆ իշխանություններն են, ինչպես նաեւ որոշ հայկական կազմակերպություններ, որոնք դրական են արտահայտվում, ունենալով, սակայն, որոշ վերապահումներ մի քանի կետերի վերաբերյալ: Եվ երրորդ խումբը ամերիկահայությունն է եւ ԱՄՆ Սենատի «իրենց ընկերները», որոնք դեմ են արձանագրություններին` դեմ չլինելով հայ-թուրքական հաշտեցմանը»:
Պարոն Սանամյանը նկատեց նաեւ հայկական իշխանությունների «լավ նպատակները»: Դրանք, ըստ բանախոսի, երկուսն են. հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու ձգտումը եւ դեպի Արեւմուտք շարժվելու ցանկությունը, որը կապահովվի Թուրքիայի հետ սահմանը բացելով:
Հիմա, Սանամյանի կարծիքով, այն փուլում ենք, երբ պետք է նայենք արդյունքներին, կփոխի՞ Թուրքիան իր դիրքորոշումները Ղարաբաղի վերաբերյալ, կլավանա՞ Թուրքիայում ապրող մեր հայրենակիցների վիճակը. «Խնդիրն այն է, որ սա անժամկետ գործընթաց է, այսինքնՙ Թուրքիան կարող է հնարավորինս ձգձգել այն, բայց մյուս կողմից էլ դա կստեղծի առիթ թուրքերի վրա ճնշում գործադրելու համար», նկատեց բանախոսը: Նա նաեւ արտահայտեց իր մտահոգությունը, որ Թուրքիան կընդունի միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը. «Իսկ արժե՞ր արդյոք միայն դիվանագիտական հարաբերությունների համար գնալ այսքան զիջումների», ասաց բանախոսը:
Հայ-թուրքական գործընթացների հետ կապված թուրք-ադրբեջանական լարվածության վերաբերյալ Սանամյանը նկատեց, որ այդ ամենը նման է նրան, երբ «փոքր եղբայրը իրեն մեծ եղբոր պես է պահում»` փորձելով ճնշում գործադրել. «Սակայն Թուրքիան, որը հավակնում է դառնալու միջնորդ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ, երբեք էլ լուրջ չի վերաբերվելու փոքրիկ Ադրբեջանի այսպես կոչված ճնշումներին: Նաեւ չմոռանանք, որ մենք գործ ունենք մի կողմից գավառից մայրաքաղաք եկած եւ ուժեղ ու լուրջ նախագահ Գյուլի, մյուս կողմից էլ «պապայից» նախագահություն ժառանգած Ալիեւի հետ: Թե ով ում կարող է ճնշել, կարծում եմՙ անիմաստ է ասել», եզրափակեց պարոն Սանամյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ