«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


«ՌՈՒՍԱԼ-ԱՐՄԵՆԱԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ-Արմենալ» ընկերության աշխատակիցները դժգոհում են ցածր աշխատավարձի եւ հավելավճար չստանալու պատճառով: Գործարանի ղեկավարության եւ աշխատակիցների պայմանավորվածությամբ` հաստատագրված աշխատավարձերի հետ 50 տոկոս հավելավճար է սպասվում, եթե ապահովվի արտադրանքի որոշ քանակ: Սակայն, ըստ աշխատակիցների, հաստոցների եւ վառարանների անսարքության պատճառով հնարավոր չի եղել ապահովել պահանջվածը: Բացի այդ, աշխատակիցներն աշխատուժի կրճատումից հետո եւս հնարավոր չեն համարում մեծ ծավալով արտադրանքը: Կա նաեւ այլ պատճառ` այնպիսի որակ, ինչպիսին պահանջում է գործարանի ղեկավարությունը, հնարավոր չէ ստանալ առկա սարքավորումներով: Աշխատողներն ուզում են, որ իրենց աշխատավարձերը բարձրացնեն:

«Նրանք այնպիսի պահանջներ են ներկայացնում, որոնք հնարավոր չէ իրենց ունեցած տեխնիկայով ստանալ: Ես իմ աշխատանքը կատարել եմ, ի՞նչ մեղք ունեմ, որ վառարանը փչացել է», իր վրդովմունքն էր արտահայտում Սամվելը:

Բանվորներից մեկն էլ դժգոհում էր, թե բարակ մետաղ են ուզում, որը հնարավոր չէ ստանալ իրենց բերած մետաղով. «Բարակ միկրոն են ուզում, ես ինչպե՞ս ստանամ, երբ սարքը ծակված է»:

Աշխատակիցներից Արմենն էլ իր հերթին նշեց. «Աշխատանքի ընդունվելուց ստացել եմ 103.000, ասել են` աշխատավարձը կստանաք, երբ սկսենք աշխատել: Սկսել են 600 տոննայից, հիմա հասցրել ենք 2500-ի, սակայն աշխատավարձերը չեն բարձրացել: Բացի այդ, ամենքն ունեն իրենց գործառույթը, բայց ինձ ստիպում են, որ նաեւ տարածքն ավլեմ, այս անեմ, այն անեմ»:

Որոշ ժամանակ անց բողոքի ակցիային մոտեցավ «Ռուսալ- Արմենալ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բուրովիկը. «Դուք վատ եք զգում, որ երկու ամիս հավելավճար չեք ստանում: Մեզ մոտ խիստ է. բիզնեսը պետք է լինի եկամտաբեր: Դուք գործարարների ազգ եք եւ դա լավ պետք է հասկանաք: Եկամուտ ունենալու համար պետք է ստանալ 15-16 միկրոն: Դուք ստանում եք ամենաէժանանոց փայլաթիթեղը, այնինչ պետք է ստանաք լայնը, բարակը, որը թանկարժեք է: Այն, ինչ մենք ստանում ենք, չի համապատասխանում մեր առջեւ դրված պահանջներին: Ես հասկանում եմ, դրա մեղքը ձերը չէ, այլ` տեխնիկայինը: Ես հասկանում եմ, որ պետք է մի քիչ փոփոխել կանոնադրությունը: Կսպասվի այն նոյեմբերից, բայց հավելավճարը դուք կվաստակեք»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4