«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2009-10-27 | #195, 2009-10-28 | #196, 2009-10-29


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ ՄՈՍԿՎԱՅԻ ՏԱՆԸ

Երեկ Մոսկվայի տանը տեղի ունեցավ «Համատեղ ջանքերով` ներդաշնակ հասարակություն» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառքի բացումը, որը կազմակերպվել է մեր երկրի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ԱՄՆ դեսպանության, Բրիտանական խորհրդի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Վորլդ Վիժն» Հայաստանի կողմից: Ցուցահանդեսի նպատակն է նպաստել սոցիալապես խոցելի խմբերի ստեղծագործական գործունեությանը եւ հասարակության սոցիալական համախմբվածությանը: Ստացված հասույթը կտրամադրվի նշված հաստատություններին` մասնակիցների ստեղծագործական աշխատանքին ու բարեկեցությանն օժանդակելու նպատակով:

  Մարգարիտա Գրիգորյանը Վանաձորից է, վերջինս ներկայացնում էր քաղաքի մանկատան սաների ստեղծագործական աշխատանքները:

«Յուրաքանչյուր աշխատանքի մեջ երեխաները ներկայացրել են իրենց հոգեկան ապրումները, աշխարհայացքը», ասում է Մարգարիտան:

  Աննա Պետրոսյանն էլ իր հերթին նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները հիմնականում կատարվել են երկու տարվա ընթացքում. «Ցուցահանդեսին ներկայացված են գոբելեն, ասեղնագործ աշխատանքներ: Ես հիմնականում ուլունքներով աշխատանքներ եմ ներկայացնում»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը , որ նույնպես ներկա էր միջոցառմանը, նկատեց. «Ցուցահանդեսի նպատակն է, որ երեխաները կարողանան ինքնաբացահայտվել: Երեխաներն ունեն ինքնաբացահայտման ցանկություն: Ողջ հասույթը կտրամադրվի ստեղծագործական աշխատանքին ու բարեկեցությանն օժանդակելու նպատակով»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4