«Ադրբեջանը պատրաստ է միջնորդի դեր կատարել մերձավորարեւելյան հակամարտության մեջ եւ կանի ամեն հնարավոր բան հարցի լուծման համար, եթե կողմերը մեզ հրավիրեն», հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Պաղեստինի արտգործնախարար` Ռիադ ալ Մալիքի հետ հանդիպումից հետո:
Ադրբեջանցի նախարարի խոսքերով` Բաքուն ողջունում է Պաղեստինի անկախ հանրապետության ստեղծումը. «Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կառույցներում եւ հավատում ենք, որ անկախ պաղեստինյան հանրապետությունը կճանաչվի միջազգայնորեն», ասել է Մամեդյարովը:
Իր հերթին ալ Մալիքը հայտարարել է. «Ադրբեջանը միջազգային հանրության համար հարգված երկիր է այն դրական դերակատարման պատճառով, որ ունի այդ երկիրը միջազգային քաղաքական ասպարեզում»:
Ալ Մալիքը հայտնել է իր հատուկ շնորհակալությունը ադրբեջանական կողմին` Պաղեստինի հարցում վերջինիս դիրքորոշման համար. «Ադրբեջանը միշտ պաշտպանել եւ պաշտպանելու է Պաղեստինի արդար պայքարը, եւ այժմ մենք պետք է էլ ավելի խորացնենք երկկողմ համագործակցությունը», հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարարը: Կողմերը պայմանավորվել են Բաքվում բացել Պաղեստինի դեսպանատուն:
«Մեր երկրները ունեն նույն քաղաքական խնդիրները, եւ միջազգային ատյաններում հանդիպում են նույն խոչընդոտներին,- նկատել է ալ Մալիքը, այդ ամենը մղում է մեզ մեծացնելու համագործակցությունը պետությունների ղեկավարների մակարդակով, որպեսզի միասին հասնենք գրավյալ տարածքների ազատագրմանը»:
Պաղեստինցի նախարարի խոսքերով` դեռեւս չեն կատարվել Ադրբեջանին վերաբերող ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, ինչպես նաեւ Պաղեստինին վերաբերող ավելի քան 100 բանաձեւերը, եւ սա, ըստ նրա, էլ ավելի սերտ պետք է դարձնի պաղեստինա-ադրբեջական համագործակցությունը:
Ալ Մալիքը իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է Պաղեստին, որին Մամեդյարովը մեծ սիրով համաձայնել է:
«Բացի այդ, ես ունեմ Մահմուդ Աբբասի նամակը Իլհամ Ալիեւին, որ կփոխանցեմ ավելի ուշ», հայտարարել է ալ Մալիքը:
Կողմերը որոշել են ակտիվացնել համագործակցությունը նաեւ տնտեսության եւ գիտակրթական ոլորտներում:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ